Նոյեմբերի 2-ի լույս 3-ի Թուրքիայի զինուժը շարունակել է զինծառայողներ և զինտեխնիկա փոխադրել Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ: Նոր ուժերը ևս տեղակայվել են Իդլիբի՝ Աֆրինի սահմանին մոտ գտնվող շրջաններում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
[Video] Türk Silahlı Kuvvetlerinin #İdlib'e intikali sürüyor https://t.co/NNlnJU6j6D pic.twitter.com/t59yTZ2dPc
— ANADOLU AJANSI (@anadoluajansi) November 2, 2017
Թուրքիայի զինուժի զրահափոխադրիչների և մեքենաների շարասյունը Հաթայ նահանգի Ռեյհանլը գավառից անցել է Սիրիայի հյուսիսում գտնվող Կահ գյուղ և տեղակայվել Իդլի-Աֆրին սահմանի երկայնքով:
Նշենք, որ սիրիական կողմը հոկտեմբերի 30-31-ը Աստանայում բանակցություններից հետո, հերթական անգամ հայտարարել է, որ թուրքական զորքերը օկուպացրել են Սիրիայի տարածքը: Թուրքական կողմը պնդում է, որ զորքերի տեղակայումը արվում է Աստանայում ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում:
Մեզ հետ զրույցում արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշում է, որ սիրիական կողմի հայտարարությունները դեկլարատիվ բնույթ են կրում:
«Այն, ինչ որ Աստանայում է տեղի ունենում, սա արդեն համաձայնեցված գործընթաց է, հատկապես այստեղ ներգրավված այն երկրների միջև, որոնք որ բավականին ակտիվ են: Եթե Դամասկոսը նման հայտարարություններ է անում, դա նշանակում է, որ նա պետք է այդ հայտարարությունները անի, անկախ նրանից Թուրքիան իր զինուժով Սիրիայում է, թե ոչ», – նշեց Սարգիս Գրիգորյանը:
Սրան հակառակ՝ թուրքագետ Հայկ Գաբրիելյան գտնում է, որ երաշխավոր երկրները, ի դեմս Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի, համաձայնության են եկել՝ առանց հաշվի առնելու Սիրիայի իշխանություններին:
«Սիրիան դրանով պարզապես ակնարկում է, որ դա պարտադրված է եղել իրեն Ռուսաստանի ու Իրանի կողմից կամ էլ պարզապես այդ երկու երկրները հաշվի չեն առել Սիրիայի շահերը՝ առաջնորդվելով առաջին հերթին սեփական շահերով», – նշում է Հայկ Գաբրիելյան:
Հիշեցնենք, որ Թուրքիան Իդլիբի տարածք ստորաբաժանումներ է տեղակայել սկսած հոկտեմբերի 8-12-ից: Անկարան նշում է, որ այս գործընթացի շուրջ Աստանայում համաձայնության են եկել Իրանի և Ռուսաստանի հետ: