Թուրք-քրդական բախումներ Դիարբեքիրում. սպանվել է 1 ոստիկան, վիրավորվել ևս 4-ը

Նոյեմբերի 3-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում Թուրքիայի ոստիկանության ստորաբաժանումները գործողություններ են իրականացրել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ: Գործողություններում սպանվել է 1 ոստիկան, ևս 4-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական կողմը պնդում է, որ Քայանփընար գավառի վարչական կենտրոնի թաղամասերից մեկում հայտնաբերվել է PKK-ի «ահաբեկչական բջիջ» և նրանց «վնասազերծելու համար ուժայինները անցել են գործողությունների: Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի տվյալներով՝ գործողություններում վիրավորվել է 9 ոստիկան, PKK-ի 1 զինյալ «վնասազերծվել է»:

Ռազմական գործողություններին աջակցել է նաև թուրքական օդուժը: Նշենք, որ Դիարբեքիր նահանգը թուրք-քրդական բախումների առավել ակտիվ կենտրոնններից մեկն է:

Թուրք-քրդական բախումները վերսկսել են 2015-ի ամռանից: Բացի Թուրքիայի զինված ուժերից, գործողություններին ներգրավված են թուրքական ժանդարմերիայի, ոստիականության ուժեր: Ուժայինները քրդերի դեմ գործողություններում օգտագործում են նաև թուրքական արտադրության հարվածային և հետախուզական ԱԹՍ-ներ:

Բախումների հետևանքով քրդաբնակ մի շարք նահանգներ, մասնավորապես Մարդինը, Դիարբեքիրը, Շրնաքը, Հաքքարին հսկայական նյութական վնասներ են կրել, բնակավայրերի մի մասը ավերակների է վերածվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *