Կառավարությունն ընդունել է զորակոչի կարգը սահմանող որոշում

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Հայաստանի կառավարությունն ընդունել է «2017 թ. ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին» որոշում, որով կարգավորվելու են 2017 թ. նոյեմբեր – 2018 թ. հունվար ամիսներին ձմեռային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները:

Որոշման հիման վրա կարգավորվում են նաև ՀՀ վարչատարածքային միավորներում ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքները:

Կառավարությունը որոշել է հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը, որը կնախագահի ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Կառավարության որոշման մեկ այլ կետով սահմանվել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը՝ ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանի ղեկավարությամբ:

ՀՀ ԱԳ նախարարին հանձնարարվել է դիվանագիտական, հյուպատոսական մարմինների միջոցով ՀՀ քաղաքացիներին ծանուցել զորակոչի մասին:

Իսկ ՀՀ նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների ղեկավարներին հանձնարարվել է հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար քրեական հետապնդում հարուցված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին:

ՀՀ մարզպետներին  Երևանի քաղաքապետին առաջարկվում է զորակոչի անցկացման համար զինկոմիսարիատներին ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով:

Բացի այդ, ոստիկանության և ԱԱԾ պետերին հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը ՀՀ սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

Որոշման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ (նոյեմբերի 2-ի նիստ, կետ 28):

Հիշեցնենք, որ զինված ուժերի զորակոչ և զորացրում անցկացնելու մասին հրամանագիրը ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ստորագրել է այսօր՝ նոյեմբերի 12-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *