Իրաքյան Քրդստանում պնդում են, որ պաշտոնական Բաղդադն է առաջարկել Իրաք-Սիրիա-Թուրքիա սահմանային խաչմերուկում Ֆիշ Խաբուր անցակետի համատեղ տնօրինում: Այս կերպ քրդերը հակադրվում են ռազմական գործողություններ սկսելու Բաղդադի սպառնալիքին:
Նոյեմբերի 2-ին Իրաքի կառավարական ուժերը սպառնացել են վերսկսել ռազմական գործողությունները քրդերի դեմ, քանի որ քրդերը կառավարական ուժերի վերահսկողությանը չէին հանձնել Իրանի, Սիրիայի և Թուրքիայի հետ սահմանային անցակետերը՝ ինչի մասին «պայմանավորվածություն» էր եղել կողմերի միջև:
Քրդական կողմից հերքել էին նման պայմանավորվածությունը: Քրդական Rudaw լրատվական գործակալությունը իր հերթին հրապարակել է «քուրդ-իրաքյան» բանակցություններում շրջանառված 3 փաստաթուղթ, որտեղ պաշտոնական Բաղդադը առաջարկում էին Ֆիշ Խաբուր անցակետում իրականացնել համատեղ ղեկավարում:
Հարկ է նշել, որ այս փաստաթղթերը վերջնական համաձայնության առարկա չեն, այլ ուղղակի բանակցվող տարբերակներ են: Չի կարելի բացառել, որ Իրաքի կառավարությունը այս փաստաթղթերից բացի նաև ուրիշ առաջարկներ էլ է արել: Նկատենք նաև, որ այստեղ խոսքը միայն Ֆիշ Խաբուրի մասին է, իսկ Իրաքի սպառնալիքների մեջ նշվում էր նաև Իրանի հետ սահմանային անցակետերը:
Ըստ դրանց՝ համատեղ կառավարումից բացի «Ֆիշ Խաբուր» անցակետի պաշտպանության համար պետք է տեղակայվեն նաև Կառավարական ուժերի և Փեշմարգայի համատեղ ուժեր: Այս կետում խոսք կա նաև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ներգրավման մասին: Այս առաջարկը պատասխան նամակում քրդական կողմը ընդունում է՝ նշելով, որ այն պետք է լինի ժամանակավոր մինչ հարցի վերջնական կարգավորումը:
Փաստաթղերում շոշափվում է նաև Իրաքյան Քրդստանից դուրս վիճելի տարածքների հարցը, ըստ որի՝ դրանք անցնում են Իրաքի կառավարական ուժերին, սակայն զուտ սիմվոլիկ դերով պահպանվում են քրդական ուժեր, իսկ նրանց չափը տարբերվելու է ըստ տեղակայման շրջանի:
Հիշեցնենք, որ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը նոյեմբերի 1-ին հայտնել էր, որ Ֆիշ Խաբուր անցակետը շարունակում է մնալ Իրաքյան Քրդստանի զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ դրա բնականոն աշխատանքը շարունակվում է: