Նոյեմբերի 2-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀ ՊՆ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի զորակոչին ենթակա քաղաքացիները «Ես եմ» ծրագրից կարողանան օգտվել արդեն իսկ 2017 թվականի ձմեռային զորակոչից:
«Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի առաջիկայում օրենքի ընդունման պարագայում` քառօրյա նիստի ժամանակ, հասցնի ներդնել «Ես եմ» ծրագրի մեխանիզմները, ենթաօրենսդրական ակտերը և ըստ ցանկության առաջնագիծն ընտրող մեր հայրենակիցները կարողանան օգտվել ծառայության այն նոր տեսակից, որն առաջարկել ենք և լայն քննարկումներ անցկացրել», – նիստի ընթացքում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանըը:
Նշենք, որ «Ես եմ» ծրագրով ծառայության ընդհանուր ժամկետը կտևի 3 տարի, որից առաջին 6 ամիսը կլինի ուսումնական զորամասում։ Դրանից հետո՝ հաջորդ 2,5 տարվա ընթացքում զինծառայողը հաջորդաբար կանցկացնի մարտական դիրքերում (2 շաբաթ), զորամասում (1 շաբաթ) և արձակման մեջ (1 շաբաթ)։ Ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, կառավարությունն ընդունել է զորակոչի կարգը սահմանող որոշում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է զինված ուժերի ձմեռային զորակոչ և զորացրում անցկացնելու մասին հրամանագիրը: