ՀՀ նախագահը ստորագրել է ձմեռային զորակոչի և զորացրման հրամանագիրը

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ստորագրել է զինված ուժերի զորակոչ և զորացրում անցկացնելու մասին հրամանագիրը: Հրամանագրում նշվում է.

Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածները` որոշումեմ.

1. 2017 թվականի նոյեմբեր – 2018 թվականի հունվար ամիսներին անցկացնել ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. Ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը:

3. 2018 թվականի հունվար ամսին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

5. ՀՀ կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ կառավարությունը ընդունել է 2017 թ. ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով համապատասխան որոշում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *