Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 1-ը Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումների գործողությունների արդյունքում Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող 283 մարդ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածներից 96-ը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ 187-ը այլ պետությունների քաղաքացիներ: Գործողություների արդյունքում ուժայինները նաև հայտնաբերել են զենք ու զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր:
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերին ամերիկյան Soufan Center հետազոտական կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն՝ Սիրիայում և Իրաքում կռվող «Իսլամական պետության» զինյալներից շուրջ 5600-ը վերադարձել են իրենց երկրներ: Ըստ զեկույցի՝ 2016-ի մարտ – 2017-ի օգոստոս ընկած ժամանակահատվածում Թուրքիայից Սիրիա և Իրաք է գնացել շուրջ 1500 զինյալ, որից 900 է ներկայում գտնվում պատերազմական գոտիներում, այսինքն մոտ 600-ը վերադարձել է:
Նշենք, որ Թուրքիան ԻՊ-ին անդամակցել ցանկացողների համար հիմնական տարանցիկ ճանապարհն է: Այստեղ պարբերաբար ԻՊ հետ համագործակցող անձինք են ձերբակալվում, այդ թվում` նաև Ադրբեջանի քաղաքացիներ։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության 2017-ի հուլիսին հրապարակած զեկույցի համաձայն՝ 2011 թվականից մինչև 2017թ. հուլիս Թուրքիայի տարբեր սահմաններից պատերազմական գոտիներ անցնել ցանկացող 99 երկրների մոտ 5000 քաղաքացի է արտաքսվել Թուրքիայից: Նրանցից 252-ը եղել են Ադրբեջանի քաղաքացիները:
Ըստ Soufan Center-ի զեկույցի՝ ԻՊ-ի շարքերում ահաբեկիչներ կան 33 երկրներից: Թուրքիան «Իսլամական պետության» կազմում կռվող քաղաքացիների թվով 7-րդն է: