Հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հանձնարարել էր մշակել բանակի արդիականացման 2018-2025 թթ. նոր յոթնամյա ծրագիր: Պաշտպանության նախարարը մանրամասնել է յոթնամյա ծրագրով նախատեսվող աշխատանքների հիմնական ոլորտները:
Նախարարին հանձնարարվել էր երկամսյա ժամկետում զեկուցել իր կատարած աշխատանքի մասին: Քննարկումներից և լրամշակումներից հետո այդ ծրագիրը նախատեսվում է հաստատել 2018 թ. հունվարի 28-ին:
«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի եթերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է յոթնամյա ծրագրի 7 հիմնական ուղղություն, որոնց շրջանակներում ծավալվելու է հիմնական աշխատանքը.
- օրենսդրական դաշտի ձևավորում;
- զինված ուժերի զարգացման, մարտունակության բարձրացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման համալիր ծրագիր;
- կառավարման արդյունավետության բարձրացում;
- մասնագիտական գրավչության բարձրացում (այդ թվում՝ ռազմական կրթություն);
- զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիր. բնակարանավորում, բուժսպասարկում;
- «Վետերենանների և զորացրվող զինծառայողների հարցեր»;
- Զոհվածների և հաշմանդամների կողքին կանգնելու կարողություն:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ավելի վաղ նշել էր, որ բանակի արդիականացումը վերաբերում է և՛ կազմակերպվածության մակարդակին, և՛ զինատեսակներին, և՛ զինվորականների սոցիալական հարցերին, այսինքն՝ բանակի հետ կապված խնդիրների ողջ համալիրին։