Նոյեմբերի 1-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զորատեսակների հրամանատարների ուղեկցությամբ այցելել էր Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգի ստորաբաժանումներ: Թուրքիան շարունակում է նույն նահանգից նոր ուժեր ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը (1, 2):
Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունը շրջայցեր է կատարել Հաթայ նահանգի ստորաբաժանումներում:
Սրան զուգահեռ թուրքական գործակալությունը հայտնել է նաև, որ Թուրքիան շարունակում է նոր ստորաբաժանումներ ուղարկել: Նոյեմբերի 1-ին Հաթայից դուրս եկած նոր զորախումբը հասել է Հալեպի արևմուտքում ընկած տարածք:
Զրահատեխնիկայով համալրված ստորաբաժանումը կվերահսկի Իդլիբ-Աֆրին (քրդերի կանտոն) սահմանային հատվածը:
Հիշեցնենք, որ Թուրքիան Իդլիբի տարածք ստորաբաժանումներ է տեղակայել սկսած հոկտեմբերի 8-12-ից: Անկարան նշում է, որ այս գործընթացի շուրջ Աստանայում համաձայնության են եկել Իրանի և Ռուսաստանի հետ: Սիրիայի կառավարությունը թուրքերի գործողությունները համարում է օկուպացիա: