ՀՀ նախագահ. Մոսկվան և Երևանը ստորագրել են 100 մլն դոլարի նոր ռազմական վարկի համաձայնագիրը

Նոր պայմանագրով մատակարարումները կսկսվեն բոլոր միջպետական համաձայնությունների ձեռքբերումից հետո: Մոտ օրերին Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի գործող պայմանագրով նախատեսված սպառազինության հերթական խմբաքանակը: Այս մասին նոյեմբերի 1-ին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  ՀՀ նախագահը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը:

«Մինչև այս տարվա վերջ մենք դեռևս կիրականացնենք նախորդ պայմանագիրը: Օրերս մենք սպասում ենք նոր մատակարարումների, և մինչև տարվա վերջ կփակենք նախորդ պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը», – հայտարարել է ՀՀ նախագահը:

Խոսքը դեռևս 2015 թ. ստորագրված 200 մլն դոլարի ռազմական վարկով նախատեսված գնումների մասին է: Այս վարկով և Հայաստանի համաֆինանսավորմամբ՝ 10 տոկոսի չափով, հայկական կողմը արդեն իսկ ստացել է մեծ քանակությամբ զինտեխնիկա: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարը ևս հայտնել էր, որ գործող վարկով զինտեխնիկայի մատակարարումները կավարտվեն մինչև տարվա վերջ:

Արդեն հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը քննարկում է Ռուսաստանից զենքի գնումների համար ևս 100 մլն դոլարի վարկ վերցնելու հարցը: Անդրադառնալով նոր պայմանագրին՝ ՀՀ նախագահը նշել է.

«Մենք արդեն Երևանում ստորագրել ենք նոր պայմանագիրը, այն պետք է անցնի հայկական և ռուսաստանյան բոլոր ատյաններով, այնուհետև՝ վավերացման գործընթացով, իսկ արդեն դրանից հետո ծրագրի իրականացման համար մենք կսկսենք աշխատանք [տանել] ռուսաստանյան կողմի համապատասխան արտադրողների հետ»:

Հավելենք, որ 100 մլն ԱՄՆ դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *