Սենոր Հասրաթյանը հերքում է Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայողի վիրավորվելու մասին լուրը

Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Razm.info-ի հետ զրույցում հերքեց հայկական և ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունը, թե Արցախում սահմանին հոկտեմբերի 30-ին հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել: 

Նշենք, որ Politik.am լրատվակայքը, հղում անելով զինծառայողի հարազատներին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտնել էր, թե Արցախում երեկ՝ հոկտեմբերի 30-ին, հակառակորդի կրակոցից ծանր վիրավորվել է զինծառայող Ալիկ Չարքազյանը: Տեղեկությունն արտատպել են նաև ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ: Ավելի ուշ հայկական լրատվակայքը խմբագրել է իր նյութը՝ թողնելով միայն զինծառայողի անվան սկզբնատառերը և հեռացնելով լուսանկարը:

Կայքի հրապարակած հոդվածում նաև նշվում էր, որ Ալիկ Չարքազյանը Գետափ համայնքի բնակիչ է: Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Մուրադ Մանուկյանը նշեց, որ, իրենց տեղեկություններով, զինծառայողը երկու-երեք օր առաջ մրսածության պատճառով տեղափոխվել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Ծնողներն Արցախի ճանապարհին են, զինծառայողը տեղափոխվելու է Երևան:

Հավելենք, որ Politik.am-ի հոդվածում որպես Գետափ համայնքի ղեկավար նշված է այլ անձ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *