Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի խորհրդարանի բյուջեի հանձնաժողովին հանձնվել է 2018 թ. բյուջեի նախագիծը. Ռազմական ոլորտին նախատեսվում է հատկացնել շուրջ 57 մլրդ թուրքական լիրա (ներկայիս փոխարժեքով՝ ≈15 մլրդ ԱՄՆ դոլար): Հաջորդ տարի այս ոլորտի հատկացումները նախատեսվում է ավելացնել շուրջ 16 մլրդ լիրայով* (39.31 տոկոսով):
2017թ. համար նախատեսվում է ընդհանուր առմամբ շուրջ 763 մլրդ թուրքական լիրայի բյուջե (ընթացիկ տարվա համեմատ՝ շուրջ 118 մլրդ լիրայով ավել):
* եթե հաշվի առնենք 2017 թ. թուրքական լիրայի արժեզրկումը՝ դոլարային փոխարժեքով ռազմական բյուջեն նախատեսվում է ավելացնել շուրջ 4 միլիարդով:
«Ռազմական բյուջեի» տակ ներառել ենք միայն պաշտպանության նախարարությանը, ժանդարմերիային (ներքին զորքեր), առափնյա անվտանգության հրամանատարությանը և ազգային հետախուզական կազմակերպությանը հատկացվող գումարները:
Եթե հաշվի առնենք նաև ոստիկանությանը և ԱԱԽ քարտուղարությանը հատկացված գումարները, Թուրքիայի ողջ պաշտպանական բյուջեն կկազմի շուրջ 84,5 մլրդ լիրա (~22,3 մլրդ ԱՄՆ դոլար): Նշված բոլոր ոլորտների հատկացումները ընթացիկ տարվա համեմատ նախատեսվում է ավելացնել շուրջ 20,3 մլրդ լիրայով:
2017թ. (թուրքակ. լիրա) | 2018թ. (թուրքակ. լիրա) | |
ՊՆ, ԶՈւ ԳՇ | 28 702 119 000 | 40 402 239 000 |
Ժանդարմերիա | 9 374 739 000 | 13 311 208 000 |
Առափն. անվտ. | 649 761 000 | 682 700 000 |
ԱՀԿ | 1 995 692 000 | 2 335 535 000 |
Ընդհանուր ռազմ. | 40 722 311 000 | 56 731 682 000 |
Ոստիկանություն | 23 537 811 000 | 27 792 655 000 |
ԱԱԽ քարտուղարություն | 28 071 000 | 29 158 000 |
Ընդհանուր | 64 288 193 000 | 84 553 495 000 |
Նշենք, որ 2017 . ընթացքում Թուրքիան Սիրիայի տարածքում արդեն իսկ մեկ լայնածավալ ռազմական գործողություն է իրականացրել՝ «Եփրատի վահան»: Հոկտեմբերից թուրքական զինուժը սկսել է 2-րդ գործողությունը՝ արդեն Սիրիայի Իդլիբ նահանգում: Այն նախատեսվում է շարունակել նաև 2018 թ. ընթացքում: Ամենայն հավանականությամբ ռազմական ոլորտի հատկացումների ավելացումը մասամբ նաև այս հանգամանքով է պայմանավորված:
Բացի այդ, 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հեռացված բազմաթիվ զինվորականների փոխարեն Թուրքիայի ՊՆ-ն համալրում է զինուժը, վերակազմավորվում է զինված ուժերի կրթական, առողջապահական, ծառայության կազմակերպման ողջ համակարգը: Սրան զուգահեռ Թուրքիան նաև մի շարք խոշոր ռազմարդյունաբերական ծրագրեր է իրականացնում:
Ժանդարմերիային, որը երկրի արևելյան և հարավարևելյան նահանգներում ներգրավված է քրդերի դեմ ռազմական գործողություններին, հատկացվել է շուրջ 13 մլրդ 311 մլն լիրա (~2 մլրդ 784 մլն դոլար), որից շուրջ 8.5 միլիարդը նախատեսված է անձնակազմի ծախսերի համար: Նախոր տարվա համեմատ ժանդարմերիայի հատկացումները նախատեսվում է ավելացնել շուրջ 4 միլիարդ թուրքական լիրայով:
Առափնյա անվտանգության հրամանատարության համար հատկացումները նախատեսվում է ավելացնել շուրջ 33 մլն լիրայով (~682 մլն դոլար):
Ազգային հետախուզական կազմակերպությանը հատկացվող գումարները ևս գնալով աճում են: Սա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի՝ վերջին տարիներին որդեգրած քաղաքականության մի մասն է, որը ենթադրում է բանակին և ուժային մյուս համակարգերին հակակշիռ կառույցի ամրապնդում: