Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Բաքվում Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները ստորագրել են ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության համաձայնագիր: Անցկացվել է Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը:
Համաձայնագրի դրույթների մասին տեղեկություններ կողմերը չեն հայտնել:
Բաքվում անցկացված Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը ղեկավարել են երկու երկրների նախագահները:
Նիստից հետո ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության համաձայնագրից զատ ստորագրվել են նաև տնտեսական և կրթական ոլորտներում մի շարք այլ համաձայնագրեր:
Թուրքիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը Ադրբեջանում նաև մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությանը:
Բաքուն և Անկարան ակտիվորեն համագործակցում են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Ըստ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարի՝ 2017 թ. մայիսի 10-ի հայտարարության, Ադրբեջանը մինչ այդ Թուրքիայից ձեռք է բերել ընդհանուր առմամբ 130 մլն ԱՄՆ դոլարի ռազմական հումք և պահեստամասեր: