ԱՄՆ-ն Իրաքից դուրս կգա «Իսլամական պետությանը» հաղթելուց հետո. ԱՄՆ Պետքարտուղար

Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը արտաքին հարաբերությունների հարցով հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրաքում մնալու է այնքան ժամանակ, քանի դեռ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ լիակատար հաղթանակ չեն տարել։

«Վարչապետը [Իրաքի `խմբ.] չի ասել, որ  ամերիկյան զորքերը պետք է լքեն [երկիրը`խմբ]։ Մենք Իրաքում կմնանք այնքան, մինչև հաղթենք ԻՊ-ին», – հայտարարել է Թիլլերսոնը։

Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ դեմ գործողություններին ներգրավված ԱՄՆ բանակի հատուկ ջոկատայիններ

Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ դեմ գործողություններին ներգրավված ԱՄՆ բանակի հատուկ ջոկատայիններ

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թիլլերսոնը հայտարարել էր, որ քանի որ ԻՊ դեմ պայքարը մոտենում է ավարտին, ապա ժամանակն է, որ Իրաքում Իրանի հովանավորությամբ կռվող աշխարհազորայինները («Հաշդ ալ Շաաբի» զորաջոկատները՝ խմբ.) հեռանան այդ երկրից:

Ի պատասխան այս հայտարարության՝ Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարել էր, որ «Հաշդ ալ Շաաբի» մարտիկները իրաքցիներ են ու ենթարկվում են Բաղդադին, ու ոչ ոք իրավունք չունի խառնվել իրենց գործերին:

Իրաքի վարչապետը շեշտել էր, որ Իրաքում օտարերկրյա ուժեր չեն կռվում: Իսկ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կամ մեկ այլ երկրի ներկայությունը Իրաքում քանակապես սահմանափակված է, բացի այդ՝ նրանք  ցամաքային մարտերին չեն մասնակցում, այլ զբաղվում են զորքերի մարզումներով, լոգիստիկական օգնություն տրամադրելով կամ էլ ավիահարվածներով օժանադակելով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Իրաքի կառավարական ուժերը ազատագրել էին ԻՊ Վերջին հենակետերից Հավիջա քաղաքը, որն ընկած է Քիրքուքից արևմուտք։

Հոկտեմբերի 26-ին Իրաքի կառավարական ուժերը նոր գրոհ են սկսել Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից սիրիա-իրաքյան սահմանի մոտ գտնվող մի քանի տարածքները ազատագրելու համար: 

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան կազմավորվել է 2014-ի սեպտեմբերին, այն բանից հետո, երբ «Իսլամական պետությունը» 2014-ի հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացավ Իրաքի բանակից գրավել մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը։

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային միացել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հորդանանը, Ավստրալիան,Գերմանիան, Դանիան, Բելգիան, Կանադան, Իտալիան,Հոլանդիան և Մարոկկոն :

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *