Թուրքական «Ասելսանը» շարունակելու է այդ երկրի զինուժին կապի միջոցներ տրամադրել

Հոկտեմբերի 30-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) և «Ասելսան» (Aselsan) ընկերությունը ստորագրել են այդ երկրի զինված ուժերին կապի միջոցներ մատակարարելու վերաբերյալ հավելյալ պայմանագիր: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական Aselsan ընկերության կապի միջոցներ

Թուրքական Aselsan ընկերության կապի միջոցներ

Հավելյալ պայմանագիրը ընդհանուր առմամբ գնահատվում է 58,9 միլիոն ամերիկյան դոլար: Պայմանագրով թուրքական ընկերությունը շարունակելու է զինված ուժերի համար կապի միջոցներ արտադրելու և մատակարարելու գործընթացը: Նոր մատակարարումներն իրականացվելու են 2019-2020 թվականների ընթացքում:

Նշենք, որ Թուրքիայի ՊԱԳՎ-ն և «Ասելսան» ընկերությունը կապի միջոցների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը կնքել են դեռևս 2008-ին: Այդ պայմանագրով՝ ընկերությունը զինված ուժերին պետք է մատակարարի 9520 միավոր կապի միջոց: Նոր պայմանագիրը կնքվել է ի հավելումն նախորդի:

«Ասելսան» ընկերությունը ստեղծվել է 1975 թվականին, այն մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային, էլեկտրաօպտիկական սարքավորումների արտադրության մեջ։ Ընկերությունն իր արտադրանքներն արտահանում է աշխարհի շուրջ 50 երկրներ՝ այդ թվում Ադրբեջան, Ղազախստան, Պակիստան և Հորդանան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *