Հոկտեմբերի 30-ին Իրաքյան Քրդստանին անմիջապես սահմանակից շրջաններում Թուրքիայի և Իրաքի զինուժի համատեղ վարժանքների ժամանակ խաղարկվել են զինտեխնիակայով մանևրելու գործողություններ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Վարժանքների ընթացքում նաև հատուկ տեխնիկայով նոր խրամատներ են փորվել: Հաբուր անցակետի շրջանում անցկացվող զորավարժությունը թուրքական կողմից ղեկավարում են 2-րդ բանակի 7-րդ կորպուսի հրամանատարն ու 4-րդ կորպուսի 28-րդ մեխանիզացված բրիգադի հրամանատարը:
Թուրքիայի զինուժը զորավարժությունը սկսել է դեռևս սեպտեմբերի 18-ին, իսկ սեպտեմբերի 26-ին այդ վարժանքներին միացել է նաև Իրաքի զինուժը:
Իրաքը, ինչպես նաև Թուրքիան և Իրանը դեմ են Իրաքյան Քրդստանի անկախացմանը և հանրաքվեից առաջ հայտարարեցին, որ կդիմեն բոլոր միջոցներին քրդերի անկախացումը թույլ չտալու համար: Իրաքի կառավարական բանակն էլ հոկտեմբերի 16-ից սկսեց լայնածավալ գործողությունները քրդերի վերահսկած տարածքներում և կարճ ժամանակահատվածում գրավեց Քիրքուքը, Սինջարը և այլ տարածքներ:
Այս պարտություններից հետո Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը որոշեց հետքայլ անել և 8 ամսով սառեցրեց անկախության հանրաքվեի արդյունքները: Սակայն պաշտոնական Բաղդադը պահանջում է դրանց վերջնական չեղարկում: Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 27-ին Բաղդադը որոշեց դադարեցնել ռազմական գործողությունները քրդերի դեմ: