Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևը հայտարարել է, որ Աստանայում շարունակում են քննարկել Սիրիայի «ապաէսկալացման գոտիներում» Իրանից և Թուրքիայից դիտորդների տեղակայման գործընթացը համաձայնեցնելու հարցը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ինչպես տեղյակ եք, թուրք և ռուսաստանցի դիտորդները արդեն տեղում են: Մենք շարունակում են համաձայնեցնել իրանցի և թուրք դիտորդների տեղակայման գործընթացը», – լրագրողներին հայտնել է Լավրենտիևը:
Նույն օրը նա նաև հայտարարել է, որ ռուսաստանյան կողմի դիտորդները հնարավոր է վերադառնան Իդլիբ նահանգ: Ներկայում Իդլիբ նահանգում տեղակայվել են նաև թուրքական զորքեր, ինչը անհանգստացնում է պաշտոնական Դամասկոսին: Սիրիայի իշխանությունները պահանջում են, որ Թուրքիան դուրս բերի զորքերը Իդլիբից:
Նշենք, որ Սիրիայում ստեղծվել է 4 «ապաէսկալացման գոտի», որոնցում հրադադարի պահպանման և կայունության հաստատման երաշխավորներն են Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան:
Հոկտեմբերի 30-31-ը Աստանայում անցկացվում է Սիրիայի հարցով բանակցությունների 7-րդ փուլը: Մինչ այս Աստանայում բանակցություններ են անցկացվել այս տարվա հունվարին, փետրվարին, մարտին, մայիսին, հուլիսին և սեպտեմբերին: