Այսօր՝ հունիսի 4-ին, ԱՄՆ Մերիլենդ նահանգի Ռազմական տրիբունալի դատարանում սկսվում է ԱՄՆ ԶՈւ շարքային Բրեդլի Մենինգի դատավարությունը։
Մեղադրական եզրակացության մեջ նշված է, 2009-ի նոյեմբերից մինչև 2010-ի մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում Բաղդադին կից ռազմակայաններից մեկում ծառայություն անցնելու ժամանակ զինվորը գաղտնի ներբեռնել է Աֆղանստանի ու Իրաքի մասին 250 հազար դիվանագիտական հեռագրեր և 500 հազար ռազմական փաստաթղթեր:
Մեղադրող կողմի համաձայն՝ ներբեռնելուց հետո Մենինգը ֆայլերը փոխանցել է WikiLeaks -ին, որը սկսել է դրանց հրապարակումը 2010-ի հուլիսից:
ԱՄՆ որոշ պաշտոնատար անձինք վկայում են, որ Մենինգի արարքի պատճառով վտանգվել է ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը և վնաս է հասցվել այլ պետությունների հետ Միացյալ Նահանգների հարաբերություններին:
Եթե դատարանը Մենինգին մեղավոր ճանաչի, ապա նա կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել:
Այնուհանդերձ, հունիսի 2-ին ԱՄՆ Մերիլենդ նահանգի Լաուրել քաղաքում հարյուրավոր մարդիկ են մասնակցել բողոքի ակցիային՝ ի աջակցություն Բրեդլի Մենինգի։ Բողոքարկողները հավաքվել են Բալթիմոր քաղաքից ոչ այնքան հեռու գտնվող Ֆորթ Միդ ռազմական բազայի մոտ, Մենինգին աջակցող կարգախոսներ վանկարկել՝ հավաստիացնելով, որ զինվորի հետ անարդար են վարվում: Որոշ ցուցարարներ ռազմական համազգեստով են եղել: