Ռուսաստանը նախատեսում է կրճատել ռազմական ներկայությունը Սիրիայում. Կոմերսանտ

Ռուսաստանը նախատեսում է կրճատել Սիրիայում տեղակայված զորքերի թիվը: Այս մասին երկու ռազմադիվանագիտական աղբյուրի վրա հղում անելով՝ հայտնում է «Կոմերսանտ» թերթը: Ըստ դրա՝  «Իսլամական պետության» դեմ հաջողություններ գրանցելուց հետո Սիրիայի կառավարական ուժերը ՌԴ-ից մասշտաբային ռազմական աջակցության կարիք այլևս չունեն:

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչը Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչը Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում

Նախատեսում է Հմեյմիմ ավիաբազայից զինտեխնիկայի մասնակի դուրսբերում: Եթե ծրագիրը իրագործվի, ապա Սիրիայում կմնան ուժեր՝ Հմեյմիմի և Տարտուսի ռազմական օբյեկտների հսկողության համար, ռազմական ոստիկանության և խորհրդատուների ստորաբաժանումներ:

Կրճատումը, սակայն, չի տարածվելու Սիրիայում ռուսաստանյան ռազմական օբյեկտների պաշտպանության համար տեղակայված ՀՕՊ համակարգերի վրա:

Ներկայումս Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ են մնացել Դեր Զոր նահանգում դեպի Իրաքի սահման ձգվող տարածքներ, որոնք պայմանականորեն բաժանվել են ՌԴ օդուժի և ԱՄՆ կոալիցիայի միջև:

Եփրատի հովտից մինչև Իրաք ձգվող հատվածներում հիմնականում կռվում են ԱՄՆ աջակցությամբ գործող քրդական ուժերը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ ռազմաօդային ուժերը տեղակայվել էին Սիրիայում 2015-ի սեպտեմբերից: ՌԴ օդուժը Սիրիայում ներգրավված է ռազմական գործողություններին և կրակային աջակցություն է ցուցաբերում կառավարական ուժերին:

Նշենք նաև, որ Իսրայել այցի ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգում հայտնել էր, որ Սիրիայում ռազմական գործողությունները մոտենում են ավարտին: Վերջին ամիսների ընթացքում ՌԴ օդուժի աջակցությամբ Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են ահաբեկիչներին հիմնականում հետ մղել նրանց համար վերջին խոշոր հենակետ Դեր Զոր քաղաքից: Սահմանի մյուս կողմում ԻՊ ահաբեկիչների դեմ վերջին գործողություններն է իրականացնում նաև Իրաքի բանակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *