Նոյեմբերի 2-3-ը Կասպից ծովում և ափամերձ շրջաններում անցկացվելու է «Կասպից – 2017» միջազգային զորավարժությունը, որին մասնակցելու են Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի արտակարգ իրավիճակների գերատեսչությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԻ նախարարության կայքը:
Ըստ աղբյուրի՝ զորավարժության նախօրեին Բաքվում նախապատրաստական համատեղ վարժանքներ են անցկացվում: Զորավարժությանը ներգրավվելիք զինծառայողների և զինտեխնիկայի քանակի մասին տեղեկություններ հայտնի չեն:
Նշենք, որ «Կասպից» զորավարժությունը անցկացվել է նաև 2016-ին Ռուսաստանի Աստրախանի շրջանում և Կասպից ծովում: Զորավարժությանը ներգրավված է եղել ավելի քան 600 մարդ, 100 միավոր տեխնիկա և հատուկ սարքավորումներ:
Նշենք, որ 2014 սեպտեմբերին Ռուսաստանի Աստրախան քաղաքում Կասպից ծովի ավազանի 5 երկրների ղեկավարների չորրորդ գագաթաժողովում քննարկվել էին մի շարք հարցեր՝ ջրային տարածքների սահմանազատումից մինչև ռազմածովային համագործակցություն։ Հենց այդ ժամանակ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանին, Ղազախստանին, Թուրքմենստանին և Ադրբեջանին առաջարկել էր համատեղ զորավարժություններ անցկացնել։