Ռուսաստանից 100 մլն դոլարի զենքի համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև 2018-ը. ՀՀ դեսպան

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստանին վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև նոր տարի: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրին: Դեռևս ստորագրման հստակ ամսաթիվ չկա, բայց ես հույս ունեմ՝ [համաձայնագիրը կստորագրվի — խմբ. «Ռազմինֆո»-ի] մինչև նոր տարի», – մասնավորապես նշել է ՀՀ դեսպանը:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել 100 մլն ամերիկյան դոլարի նոր վարկ վերցնելու մասին նախագծին:

Ըստ համաձայնագրի՝ 100 մլն ԱՄՆ դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:

Համաձայնագրի դրույթների հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Ռոսոբորոնէկսպորտ» ընկերությունը առանձին պայմանագրեր  կկնքեն վերոնշյալ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ:.

Հայաստանը Ռուսաստանի հետ համանման համաձայնագիր կնքել է նաև 2015թ. հունիսի 26-ին, որն այժմ գործում է: Ռուսաստանի 200 մլն դոլարի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *