Հոկտեմբերի 28-29-ին Ստամբուլում և Թուրքիայի մի շարք այլ նահանգներում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները հակաահաբեկչական գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու և աջակցելու մեղադրանքով 98 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը (1, 2, 3, 4, 5):
Հոկտեմբերի 29-ին անվտանգության գլխավոր տնօրինության ստորաբաժանումները Էրզրում և Բուրսա նահանգներում ձերբակալել են ԻՊ-ին աջակցելու մեջ կասկածվող 61 մարդու: Նույն օրը Ստամբուլում ձերբակալվել է 4 մարդ, Իզմիրում՝ 10 մարդ, ևս 18 մարդ Ադանայում:
Հոկտեմբերի 28-ին Թուրքիայի հարավային Շանլըուրֆա նահանգում ձերբակալվել է Սիրիայի 5 քաղաքացի, որոնք ևս մեղադրվում են «Իսլամական պետության» հետ կապ ունենալու համար:
Նշենք, որ Թուրքիան ԻՊ-ին անդամակցել ցանկացողների համար հիմնական տարանցիկ ճանապարհն է: Այստեղ պարբերաբար ԻՊ հետ համագործակցող անձինք են ձերբակալվում, այդ թվում` նաև Ադրբեջանի քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ 2017-ի մարտի վերջին Թուրքիայում ձերբակալվել էր նաև «Իսլամական պետության» պարագլուխներից Սաֆուան Քահուաթը, ով զբաղվում էր Եվրոպայից նոր անդամների հավաքագրումով և նրանց մարզելով:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության 2017-ի հուլիսին հրապարակած զեկույցի համաձայն՝ 2011 թվականին մինչև 2017թ. հուլիս Թուրքիայի տարբեր սահմաններից պատերազմական գոտիներ անցնել ցանկացող 99 երկրների մոտ 5000 քաղաքացի է արտաքսվել Թուրքիայից: Նրանցից 252-ը եղել են Ադրբեջանի քաղաքացիները: