Էրբիլը և Բաղդադը բանակցում են հրադադարի շուրջ. ԱՄՆ կոալիցիայի խոսնակ

Իրաքի կառավարական ուժերը և Իրաքյան Քրդստանի զինված ուժերը (Փեշմերգա) բանակցում են ռազմական գործողությունների ճակատով հրադադար հաստատելու շուրջ: Այս մասին քրդական Rudaw լրատվակայքին հայտնել է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակը:

Իրականում հարցազրույցի ընթացքում խոսնակ Ռայան Դիլոնը հայտարարել է, թե քրդերի և Իրաքի կառավարական ուժերի միջև հաստատվել է հրադադար, սակայն ավելի ուշ թվիթերի էջում ուղղել է խոսքը՝  նշելով, որ կողմերը բանակցում են, սակայն պաշտոնական հրադադար չկա:

Թարմացում. Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հրամայել է քրդերի դեմ ռազմական գործողությունները 24 ժամով դադարեցնել: Փոխանցում է Reuters գործակալությունը:

Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեից հետո առաջին անգամ զինված բախումներ սկսվեցին, երբ հոկտեմբերի 16-ին Իրաքի կառավարական ուժերը քրդական ուժերին դուրս մղեցին նավթային պաշարներով հարուստ Քիրքուքից, ապա բախումներ սկսվեցին Սինջարի լեռների ուղղությամբ, Սիրիա-իրաքյան սահմանին և Քիրքուքից հյուսիս:

Բախումները ապա շարունակվել են Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի սահմանային անցակետերի հատվածում, իսկ հոկտեմբերի 27-ի գիշերը, ըստ նույն Rudaw լրատվակայքի, քրդական ուժերը խոցել են ամերիկյան Իրաքի կառավարական ուժերին պատկանող, ամերիկյան արտադրության «Աբրամս» տանկ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *