Հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում հանդիպել են պաշտոնական այցով Վրաստան ժամանած Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Կողմերը քննարկել են 2 երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ հաջորդ շաբաթ ֆրանսիական ռազմանավի՝ Վրաստանի ջրային տարածքներ մուտքը:
Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են նաև ֆրանսիացի մասնագետների կողմից վրաստանցի զինծառայողներին վերապատրաստելու հարցը: Վրաստանցի զինծառայողները պատրաստություն են անցնելու հակաօդային պաշտպանության ֆրանսիական համակարգերը կառավարելու համար:
Հիշեցնենք, որ 2015թ. ամռանը Վրաստանի պաշտպանության նախարարը ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ ստորագրել է պայմանագիր՝ հավանաբար փոքր հեռահարության ՀՕՊ համակարգեր գնելու շուրջ: Այնուհետև պայմանագիր է ստորագրվել նաև եվրոպական MBDA ընկերության հետ, որը հրթիռային համակարգեր արտադրող առաջատար ընկերություններից է: