Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծվել է թուրքական զինուժի թվով երկրորդ դիտակետը, որը վերահսկելու է հրադադարի պահպանում «ոչ բախումային գոտու» տարածքում: Հաղորդագրությունը տեղադրված է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում:
Թուրքական կողմի պնդմամբ՝ դիտակետը ստեղծվել է Աստանայում սիրիական ճգնաժամի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում: Առաջին դիտակետը Իդլիբի տարածքում ստեղծվել է դեռևս հոկտեմբերի 13-ին: Թուրքիայի զինուժը նախատեսում է ևս մի քանի դիտակետեր ստեղծել Իդլիբում:
Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի տվյալներով՝ թուրքական զինուժը ամբողջությամբ վերահսկողություն է հաստատել Իդլիբ-Աֆրին սահմանային հատվածի վրա հարավից: Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի ԶՈւ մի խումբը տեղակայվել է Աֆրինի սահմանի «Սիմոն» կոչվող ամրոցի տարածքում:
Թուրքիայի զինուժը սիրիական Իդլիբ նահանգ է մտել և տեղակայվել դեռևս հոկտեմբերի 12-ից: Միևնույն ժամանակ, թուրքական զինուժը շարունակում է զինտեխնիկա և զինծառայողներ կուտակել ինչպես Իդլիբ նահանգում, այնպես էլ թուրք-սիրիական սահմանի գրեթե ամբողջ երկայնքով:
Թուրքիայի նախագահը մյուս կողմից չի բացառում նոր գործողությունների իրականացնումը Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ, որոնց թուրքական կողմը համարում է «ահաբեկիչներ»: Ներկայում Թուրքիայի զինուժը վերահսկում է նաև Սիրիայի հյուսիսում Ջերաբլուսից Ազեզ ընկած հատվածը:
Նշենք, որ Սիրիայում հրադադարի և «ապաէսկալացման գոտիների» ստեղծման երաշխավորն են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը: Ռուսաստանյան կողմը դեռևս որևէ դրական կամ բացասական արձագանք չի տվել թուրքական զինուժի ներկայությանը Սիրիայում, սակայն իրանական կողմը կարծես թե այնքան էլ «ջերմ» չի մոտենում այդ հարցին: Սրան զուգահեռ, Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ Աստանայում թուրքական զինուժի տեղակայման վերաբերյալ համաձայնություն չի եղել և պահանջում են Թուրքիայից դուրս բերել զորքերը: