Քրդերը խոցել են Իրաքի բանակի երկրորդ «Աբրամս» տանկը. քրդական ԶԼՄ-ներ

Իրաքի կառավարական ուժերի և Իրաքյան Քրդստանի զինված ուժերի միջև բախումները շարունակվում են: Քրդական կողմի պնդմամբ՝ խոցվել է Իրաքի կառավարական ուժերի արդեն երկրորդ «Աբրամս» տանկը: 

Ըստ քրդական Rudaw լրատվակայքի ՝ հոկտեմբերի 27-ի գիշերը Զումմար քաղաքի մոտ քրդական ուժերը խոցել են  Իրաքի կառավարական ուժերին պատկանող, ամերիկյան արտադրության «Աբրամս» տանկ: Ավելի վաղ քրդական ուժերին հաջողվել էր «Աբրամս» տանկ խոցել նաև Իրաքյան Քրդստանի կենտրոն Էրբիլից շուրջ 60 կմ հարավ գտնվող Ալթուն Քուպրի բնակավայրում:

Նույն աղբյուրը հայտնում է նաև կողմերի միջև հրետանային փոխհրաձգության մասին, ըստ որի՝ եղել են նաև կորուստներ քրդական կողմից:

Ընթացիկ մարտերի մասին «ՌԻԱ» լրատվական գործակալությանը հայտնել է նաև Մոսկվայում «Քրդստանի դեմոկրատական կուսակցության» (կենտրոնը՝ Էրբիլ)  ներկայացուցիչ Հոշավի Բաբակրը: Նա ևս հաստատել է Իրաքի կառավարական ուժերին պատկանող տանկի խուցումը, ինչպես նաև ավելացրել, որ ռազմական գործողությունները ներկայումս ընթանում են «ճակատի» գրեթե ամբողջ երկայնքով:

Նշենք, որ Իրաքի կառավարական ուժերը և կառավարությանը հարող զինված ջոկատները շարունակում են ռազմական գործողությունները Իրաքյան Քրդստանի՝ Թուրքիային սահմանակից հատվածում՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Թուրքիա գնացող նավթամուղը:

Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեից հետո առաջին անգամ զինված բախումներ սկսվեցին, երբ հոկտեմբերի 16-ին Իրաքի կառավարական ուժերը քրդական ուժերին դուրս մղեցին նավթային պաշարներով հարուստ Քիրքուքից, ապա բախումներ սկսվեցին Սինջարի լեռների ուղղությամբ, Սիրիա-իրաքյան սահմանին և Քիրքուքից հյուսիս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *