Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում ահաբեկչական խումբ է վնասազերծվել. ԻՀՊԿ

Հոկտեմբերի 25-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկրի հյուսիսարևմտյան Արևմտյան Ատրպատական նահանգում ահաբեկիչների 4 հոգանոց խումբ է վնասազերծել: Նման հայտարարություն հոկտեմբերի 26-ին տարածել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ ահաբեկիչները վնասազերծվել են Չալդրանի շրջանում, որտեղ վերջիններս սպանել էին շրջանի 2 բնակչի:

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Սաբերին» հատուկջոկատայինները

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Սաբերին» հատուկջոկատայինները

Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկիչները հարձակվել էին խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա։ Հարձակումների հետևանքով սպանվել էր 17, վիրավորվել՝ 52 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետությունը»:

Ահաբեկչական հարձակումներից հետո Իրանը խստացրել է հսկողությունը և ահաբեկիչների «որս» է սկսել երկրում։ Որպես ահաբեկիչներ Իրանում արդեն տասնյակ մարդիկ են ձերբակալվել: Իսկ հունիսի 18-ին, ի պատասխան Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին։

Նշենք, որ երկրի հյուսիս-արևմուտքում Իրանը ակտիվ պայքար է մղում քրդական ընդդիմադիր խմբավորումների դեմ, որոնց համարում է ահաբեկչական և այդ խմբավորման անդամներին անվանում ահաբեկիչներ: Եվ երբեմն, երբ Իրանի ուժային կառույցները հայտարարում են «ահաբեկիչներ վնասազերծելու» մասին, այդ «ահաբեկիչները» իրականում քրդական ընդդիմադիր խմբավորումների անդամներն են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *