Թուրքիայի զինուժը ամբողջությամբ վերահսկում է Սիրիայի Իդլիբ-Աֆրին սահմանային հատվածը

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների մի խումբը տեղակայվել է Սիրիայի Իդլիբ քաղաքից հյուսիս-արևելք ընկած հատվածում՝ անմիջապես քրդերի վերահսկած Աֆրին շրջանի սահմանին գտնվող ամրոցներից մեկի տարածքում:Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի ԶՈւ 122 մմ «Սաքարյա» ՀԿՌՀ-ներ՝ Սիրիայի Իդլիբում

Թուրքիայի ԶՈւ 122 մմ «Սաքարյա» ՀԿՌՀ-ներ՝ Սիրիայի Իդլիբում

Այդպիսով ՝թուրքական զինուժը ամբողջությամբ վերահսկողություն է հաստատել Իդլիբ-Աֆրին սահմանային հատվածի վրա հարավից: Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի ԶՈւ 80 զինծառայողից կազմված խումբը տեղակայվել է Աֆրինի սահմանի «Սիմոն» կոչվող ամրոցի տարածքում՝ այնտեղ ստեղծելով հերթապահ տեղամաս:

Մյուս կողմից Թուրքիայի զինուժը շարունակում է զինտեխնիկա և զինծառայողներ ուղարկել Իդլիբ նահանգ: Բացի այդ, ըստ թուրքական պարբերականի՝ Աֆրինում նոր ռազմական գործողությունների համար պատրաստությունները ավարտվել են, այն գրեթե ամբողջությամբ շրջափակվել է թուրքական զորքերով:

Հոկտեմբերի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ներկայում Սիրիայի Իդլիբ նահանգում գործողությունը մեծամասամբ ավարտվել է և օրակարգում Աֆրինի հարցն է:

Աֆրինը վերահսկում են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորումը և դրա ռազմական թևը՝ YPG-ն, որոնց թուրքական կողմը համարում է «ահաբեկիչներ» և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղ:

Նշենք, որ Սիրիայում թուրքական իշխանությունների հիմնական նպատակներից մեկը Սիրիայի հյուսիսում քրդական պետության ստեղծման կանխումն է: Սրան էր ուղղված նաև թուրքական զինուժի «Եփրատի վահան» գործողությունը, որի արդյունքում ներկայում Թուրքիայի ԶՈւ-ն վերահսկում է նաև Սիրիայի Ջերաբլուս-Ազեզ հատվածը:

Սիրիայում տիրող իրավիճակը 2017-ի հոկտեմբերի 14-ի դրությամբ. Քարտեզում արդեն ուրվագծված են նաև Իդլիբում թուրքական զինուժը վերահսկողության տակ գտնվող շրջանները

Սիրիայում տիրող իրավիճակը 2017-ի հոկտեմբերի 14-ի դրությամբ. Քարտեզում արդեն ուրվագծված են նաև Իդլիբում թուրքական զինուժը վերահսկողության տակ գտնվող շրջանները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *