Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի՝ Կրասնոդարում տեղակայված ստորաբաժանումները ամառային ուսումնական փուլի ստուգումների շրջանակներում «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական համալիրների հրթիռների պայմանական արձակումներով խոցել են պայմանական հակառակորդի թիրախները: Այս մասին հոկտեմբերի 25-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:
Ամփոփիչ ստուգումների շրջանակներում ստորաբաժանումները տագնապով ոտքի են հանվել, այնուհետև համալիրներով կատարել են երթ դեպի նախանշված վայր և այնտեղ բացազատել տեխնիկան:
Համալիրների հաշվարկները խոցել են 200-300 կմ հեռավորության վրա գտնվող պայմանական հակառակորդի կարևոր նշանակության օբյեկտները նմանակող թիրախներ:
Ավելացնենք, որ Ռուսաստանից բացի, Հայաստանը միակ երկիրն է, որի սպառազինության մեջ կա «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր: Սակայն եթե արտադրող պետություն Ռուսաստանն իր սպառազինության մեջ ունի «Իսկանդեր-Մ» ավելի հեռահար տարբերակը, ապա Հայաստանի սպառազինության մեջ մինչև 280 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Է» տարբերակն է, որ նախատեսված է արտահանման համար:
Սա պայմանավորված է միջազգային պայմանագրով, որն արգելում է 300 կմ և ավելի մեծ հեռահարությամբ հրթիռային տեխնոլոգիաների փոխանցումները: