Իրաքյան Քրդստանին անմիջապես հարևանությամբ Թուրքիայի և Իրաքի զինված ուժերի վարժանքները շարունակվում են: Հոկտեմբերի 25-ին զինծառայողները զրահամեքենաներ և այլ զինտեխնիկա վարելու դասընթացներ են անցել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի Շրնաք նահանգի Սիլոփի գավառում՝ Իրաքյան Քրդստանի սահմանին տեղակայված Հաբուր անցակետի շրջանում, թուրք-իրաքյան համատեղ զորավարժությունը մեկնարկել է դեռևս սեպտեմբերի 26-ին: Մինչև Իրաքի ԶՈւ ստորաբաժանումների ժամանումը, թուրքական զինուժը սեպտեմբերի 18-ից սկսած վարժանքներ էր անցկացնում նույն շրջանում:
Նշենք, որ Թուրքիան, Իրաքը, ինչպես նաև Իրանը դեմ են քրդերի անկախացմանը Իրաքում: Իրաքը նույնիսկ ռազմական գործողություններ սկսեց քրդերի վերահսկած տարածքներում: Մի շարք տարածքներ կորցնելուց հետո Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը որոշեց սառեցնել սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները և բանակցությունների սեղանի շուրջ նստել Իրաքի կենտրոնական ղեկավարության հետ:
Հատկանշական է, որ Թուրքիան ևս սպառնում էր դիմել բոլոր անհրաժեշտ միջոցներին, այդ թվում նաև ռազմական գործողությունների: