Չնայած Էրդողանի ջանքերին՝ Իրաքի վարչապետի «ցուցակում» PKK-ն չկար

Հոկտեմբերի 25-ին Անկարայում Թուրքիայի նախագահը և Իրաքի վարչապետը քննարկել են Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին, Իրաք-Թուրքիա հարաբերությունները: Էրդողանը նաև խոսել է Իրաքի տարածքում PKK-ի դեմ համատեղ պայքարից, սակայն Աբադին ելույթում ուղիղ անդրադարձ կատարեց միայն «Իսլամական պետությանը»:

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին և Թուրքիայի նախագահ եջեփ Թայիփ Էրդողանը

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին և Թուրքիայի նախագահ եջեփ Թայիփ Էրդողանը

Ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են առևտրի, մշակութային, քաղաքական, էկոնոմիկայի ոլորտներում հետագա համագործակցությունը: Մամուլի ասուլիսին Էրդողանը նաև անդրադարձավ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին՝ նշելով.

«Կրկին ընդգծեցինք, որ հատկապես վերջին շրջանում Իրաքի քրդական ռեգիոնալ կառավարության անօրինական հանրաքվեի որոշման դեմ ուղղված մեր դիրքորոշումը չի փոխվել: Էն գլխից մենք ընդգծել ենք, որ կողմ ենք Իրաքի տարածքային ամբողջականությանը և կշարունակենք դա նշել: … չնայած մեր մի շարք զգուշացումներին՝ որևէ դրական զարգացում չեղավ, ստիպված որոշ պատժամիջոցներ կիրառելու որոշում ընդունեցինք»:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ էրդողանը նշեց, որ այս պահին առևտրաշրջանառությունը շուրջ 9 միլիարդ դոլար է: Կողմերը ցանկանում են մեծացնել առևտրի ծավալները:

Իր խոսքում Էրդողանն անդրադարձավ նաև Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, ինչպես նաև՝ այդ երկրում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) գործունեությանը: Թուրքիայի նախագահը նշեց, որ PKK-ն տեղակայված է Քանդիլում, Սինջարում, և Թուրքիան պատրաստ է այդ բոլոր շրջաններում PKK-ի դեմ համատեղ պայքարին:

Թուրքիայի նախագահն անդրադարձավ նաև Իրաք-Թուրքիա նավթամուղի աշխատանքին՝ նշելով, որ իրենք պատրաստ են Իրաքին աջակցել այդ հարցում: Էրդողանը մեկ անգամ ևս վերահաստատեց, որ ցամաքային անցակետերի հետ կապված ևս իրենք աշխատելու են միայն Իրաքի կենտրոնական կառավարության, ոչ թե Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ:

Իրաքի վարչապետի ելույթում հասցեական ուղերձներն ավելի սակավ էին: Հեյդար ալ-Աբադին ևս անդրադարձավ ահաբեկչությանը՝ նշելով միայն «Իսլամական պետության» մասին: Աբադին այդ ցանկում չանդրադարձավ PKK-ին, որի դեմ համատեղ պայքարից խոսել էր Էրդողանը: Իրաքի վարչապետը միայն նշեց, որ իրենք թույլ չեն տա ոչ մի անօրինական, չգրանցված զինված խմբավորման գործունեություն Իրաքի տարածքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *