Հոկտեմբերի 24-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն ԱՄՆ-ում համաժողովի ժամանակ ահաբեկչական խմբավորումների թվում մատնանշել է նաև Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» (PYD) և դրա ռազմական թև YPG-ին: Աքարը դրանց անվանել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղեր:
Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Աքարը հայտարարել է, որ Ռաքքայի գործողությունից հետո քաղաքում բարձրացված պաստառները «ևս մեկ անգամ ցույց են տալիս», որ Սիրիայի քրդական PYD-ն և դրա ռազմական թևը՝ YPG-ն, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճյուղերն են:
Նշենք, որ թուրքական կողմը Սիրիայի քրդական ուժերին համարում է «ահաբեկիչներ» և մշտապես կոչ է անում Միացյալ Նահանգներին չաջակցել այդ ուժերին: Քրդական ուժերին ԱՄՆ-ի աջակցությունը լրացուցիչ լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան առանց այն էլ ոչ այնքան «ջերմ» հարաբերություններում: Թուրքիայի իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ին «ահաբեկիչներին աջակցելու» համար:
Հոկտեմբերի 19-ին սոցցանցերում տեսանյութեր են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են Սիրիայի քրդերը Ռաքքայի ազատագրումից հետո քաղաքում բարձրացնում PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պաստառները:
#YPJ : We dedicate the #Raqqa victory to Öcalan and all the women.https://t.co/Ythen5sG8s#SDF #YPG #TwitterKurds #Kurdistan
. pic.twitter.com/GMFC3cFOsK— Country of Kurds (@DefenceUnits) October 19, 2017
Նշենք, որ հոկտեմբերի 23-24-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ի թիվ այլ զինվորականների, Միացյալ Նահանգներում մասնակցել է «Ռազմատենչ ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքար» խորագրով համաժողովին:
ԱՄՆ-ում անցկացված համաժողովին մասնակցել է մոտ 73 երկրի բարձրագույն զինվորականներ` զինված ուժերի գլխավոր շտաբերի պետեր, այդ թվում նաև Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետեր Մովսես Հակոբյանը և Նեջմեդդին Սադիկովը (1, 2):