Իրանը բացում է Իրաքյան Քրդստանի սահմանի «թալաբանիական» հատվածը

Էրբիլ քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսը հայտարարել է, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Իրանը վերաբացելու է Իրաքյան Քրդստանի Սուլեյմանիեի հատվածի  հետ սահմանը: Այս մասին հայտնում է Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը:

Իրանցի սահմանապահներ

Իրանցի սահմանապահներ

Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեից հետո Բաղդադի խնդրանքով Իրանը փակել էր  Իրաքյան Քրդստանի հետ սահմանը: Սահմանային հատվածում համատեղ զորավարժություններ էին սկսել նաև Իրանի և Իրաքի զինված ուժերը:

Ըստ գլխավոր հյուպատոսի՝ Քրդստանի ռեգիոնալ կառավարության Սուլեյմանիեի շրջանային խորհրդի առաջարկով հոկտեմբերի 25-ին կվերաբացվի Բաշմաք սահմանային անցակետը երկու կողմերի համար:

Նշենք, որ Բաշմաք սահմանային անցակետը գտնվում է հենց Սուլեյմանիեյի ուղղությամբ: Կարծիքներ կային, որ Սուլեյմանիեն Էրբիլից անկախ պայմանավորվածության է հասել Բաղդադի և Բաղդադին սատարող մերձիրանական «Հաշդ աշ-Շաբի» ջոկատների հետ և հենց այդ շրջանակներում իր ուժերը հետ է քաշել Քիրքուկից, ինչը հնարավորություն է տվել Իրաքի կառավարական ուժերին վերցնել այն:

Քիրքուկի կորստից հետո քրդական զինված ուժերի (Փեշմերգա) հրամանատարությունը դրանում մեղադրեց «Քրդստանի հայրենասիրական միության» (ՔՀՄ) կուսակցության (Սուլեյմանիե, պրոթալաբանիական)  որոշ պաշտոնյաների՝ «Հաշդ աշ-Շաաբի» ջոկատների հարձակմանն օժանդակելու համար:

Իրաքյան Քրդստանի տարածքը հիմնականում փաստացի բաժանված է երկու ընտանիքների՝ Բարզանիների (Կենտրոնը՝ Էրբիլ, քաղաքական մարմինը՝ «Քրդստանի դեմոկրատական կուսակցություն») և Թալաբանիների (կենտրոնը՝ Սուլեյմանիե, քաղ. մարմինը՝ ՔՀՄ) ընտանիքների միջև: Երկու ընտանիքները սատարում էին Քրդստանի անկախության հանրաքվեն, սակայն հոկտեմբերի 3-ին Թալաբանիների առաջնորդ Ջալալ Թալաբանիի մահից հետո, հնարավոր է, որ անկախության հարցում Սուլեյմանիեյի, կամ առնվազն Թալաբանիների մի մասի դիրքորոշումը փոխվել է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Իրաքյան Քրդստանի կառավարությունն առաջարկել, իսկ ավելի ուշ խորհրդարանն ընդունել է սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեի արդյունքները սառեցնելու որոշումը՝ փորձելով բանակցությունների գնալ պաշտոնական Բաղդադի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *