Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զենիթահրթիռային ստորաբաժանումների շուրջ 150 զինծառայող նախորդ շաբաթ մարտական կրակով վարժանքներ են արել Աստրախանի շրջանի «Կապուստին-Յար» զորավարժարանում և վերադարձել Գյումրի:
Այս մասին «Ռազմինֆոյին» հայտնել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
Վարժանքների ընթացքում զենիթահրթիռային ստորաբաժանումների անձնակազմները կատարել են դաշտային ելք, ինչի ընթացքում Ս-300Վ զենիթահրթիռային համալիրներով առաջին անգամ խոցել են ռազմավարական ռմբակոծիչից արձակված պայմանական հակառակորդի՝ ակտիվ գործողություններ նմանակող թիրախներ: Ընդհանուր առմամբ դաշտային ելքին ներգրավվել են շուրջ 150 զինծառայող և 50 միավոր տեխնիկա:
Վարժանքներից առաջ, զինծառայողները Հայաստանում կատարել են կրակի նախապատրաստական աշխատանքներ: Մարտական կրակով վարժանքներին ընդառաջ զինծառայողները խաղարկել են օդային հարձակման հետմղման, Երևանի և Գյումրիի կայազորներում առավել կարևոր օբյեկտների քողարկման, վարժասարքերի վրա արագընթաց, փոքր չափերի թիրախների խոցման առաջադրանքներ: