Իդլիբում գործողությունը գրեթե ավարտված է, հերթն Աֆրինինն է. Թուրքիայի նախագահ

Հոկտեմբերի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ներկայում Սիրիայի Իդլիբ նահանգում գործողությունը մեծամասամբ ավարտվել է և օրակարգում Աֆրինի հարցն է: էրդողանը կրկին սպառնացել է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի քրդերի դեմ:

«Բոլորը մեզ համար սպառնալիք են և մենք վճռական ենք բոլոր այն հարցերում, որոնք սպառնալիք են ստեղծում մեր երկրի համար: Այդ հարցերում զիջում չենք անելու: Ավելի վաղ էլ ենք ասել՝ մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ, մի գիշեր հանկարծակի կարող ենք հարվածել», – հայտարարել է Էրդողանը:

Էրդողանը ևս մեկ անգամ քննադատել է Միացյալ Նահանգներին՝ Սիրիայի Ռաքքա քաղաքում քրդական ուժերի գործողություններին աջակցելու, զենք ուղարկելու, ինչպես նաև հենց «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) աջակցելու համար: PKK ասելով Էրդողանն ի նկատի ունի Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» (PYD) և դրա ռազմական թևին՝ YPG-ին, որոնց թուրքական կողմը համարում է PKK-ի սիրիական ճյուղ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Թուրքիայի զինուժը նախ հետախուզական գործողություններ էր սկսել Իդլիբ նահանգում, այնուհետև՝ հոկտեմբերի 12-ին, ներխուժել էր նահանգ և տեղակայվել Իդլիբ-Աֆրին սահմանի երկայնքով: Թուրքական կողմը պնդում է, որ զորքերի տեղակայումը մաս է կազմում Աստանայում սիրիական ճգնաժամի հարցով բանակցությունների, սակայն պաշտոնական Դամասկոսը հայտարարում է, որ թուրքական զորքերի տեղակայումը հակասում է այդ բանակցություններում ձեռքբերված համաձայնություններին:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Իդլիբի ներսում գործելու են թուրքական զինուժի ստորաբաժանումները, իսկ սահմաններին՝ ռուսաստանյան ԶՈւ ստորաբաժանումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *