Հայաստանը նախատեսում է ռազմական բյուջեի աճ նաև հետագա տարիներին. ՀՀ նախագահ

Հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ռազմական բյուջեն մյուս տարի կտրուկ աճելու է, բայց դա միայն մեկ տարով չի սահմանափակվելու, այլ լինելու է շարունակական: ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանն իր հերթին ՀՀ ԱԺ-ում համաձայնել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, որ ռազմարդյունաբերության ֆինանսավորումը ևս պետք է ավելացվի:

ՀՀ նախագահը մասնավորապես նշել է.

«Դուք քաջատեղյակ եք, որ վերջին մի քանի տարում կտրուկ բարելավվել են մեր զինատեսակների քանակը և որակը: Այս աշխատանքները շարունակական են լինելու: Տարեցտարի նոր և էական ձեռքբերումներ ենք ունենալու այս ուղղությամբ»:

ՀՀ Ազգային ժողովում պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը՝ նշելով, որ այնտեղ խնդիրներ կան. ռազմական-հետազոտական ծախսերի ֆինանսավորումը շարունակում է ցածր մնալ բյուջեով նախատեսվածի 50 տոկոսից: Անդրադառնալով այս խնդրին՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ ՀՀ ՊՆ-ն համաձայն է, որ անհարժեշտ է ռազմարդյունաբերության պետական կոմիտեի (ՌԱՊԿ) ֆինանսավորման ավելացում:

«Մեն գնահատում ենք, որ կա շատ լավ հեռանկար ՌԱՊԿ-ի զարգացման համար: Համաձայն ենք իր [ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ խմբ.] առաջարկի հետ, որ ֆինանսավորումը պետք է ավելացնել: Ակնկալում ենք Ազգային ժողովի պատգամավորներից լրացուցիչ ջանք՝ ֆինանսական տարին քննարկելիս, բյուջեն քնարկելիս, ՌԱՊԿ-ի համար առանձին տողով, լրացուցիչ ֆինանսավորում հայթայթելու և ներդնելու: Մենք երկու ձեռքով կողմ կլինենք այդ առաջարկին»:

«Մենք ունենք երկու մոտեցում ՌԱՊԿ-ի զարգացման տեսակետից. Մեկը բարձր տեխնոլոգիական այն ոլորտներն են, որտեղ համարում ենք, որ ունենք մրցակցային առավելություն՝ օպտիկա, ռադիոֆիզիկա, մի շարք ուղղություններ, որտեղ ունենք ավանդույթներ և ունենք հեռանկար դա խորացնելու»:

Նախարարն ավելացրել է, որ երկրորդն այն է, ինչ նշվել էր ելույթներից մեկում. «իսկ ինչ, եթե ճանապարհները փակվեն» ու զինտեխնիկայի ներկրումն ընդհատվի: Ըստ նախարար Վիգեն Սարգսյանի՝ կան զինատեսակներ, որոնց դուբլիկացիան իմաստավորված է ռազմավարական պաշարների առումով: Բայց ՀՀ ՊՆ-ն փորձում է հիմնականում դա անել պաշարներ կուտակելով, պատերազմական ժամանակի հաստիքների համապատասխան սպառազինության բավականաչափ պաշար ունենալու հեռանկարով:

Նախարարը նշում է, որ անարդյունավետ է ունենալ գործարաններ, որոնք կարտադրեն զինտեխնիկա, որը «100 տարին մեկ» պետք օգտագործվի: Այդ դեպքում անհրաժեշտ է ունենալ նաև սպառման արտաքին շուկաներ:

Ավելացնենք, որ հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահը պաշտպանության նախարարին հանձնարարել է մշակել զինված ուժերի զարգացման 7-ամյա ծրագիր: Նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ նախագահը հատուկ շեշտադրել է ռազմարդյունաբերության զարգացման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ներկայացվել էր 2018 թ. բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է ՊՆ հետազոտական աշխատանքների հատկացումներն ավելացնել շուրջ 48%-ով: Ընդհանուր ռազմական բյուջեն նախատեսվում է ավելացնել շուրջ 37 մլրդ դրամով (17.6%):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *