Սիրիայի ընդդիմությունը Աստանա կներկայանա նույն կազմով

Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններին մասնակցելու համար զինված ընդդիմությունը արդեն հրավեր է ստացել և ներկայանալու է այն կազմով, որով մասնակցել է նախորդ բանակցություններին, պատվիրակությունը ղեկավարելու է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման հրամանատարությունը:

Այս մասին հայտնել է զինված ընդդիմության պատվիրակության ներկայացուցիչ Ֆաթեհ Հասսունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ»)

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ»)

«Մենք հրավեր ենք ստացել թուրքերի միջոցով… 3 օրից մենք Ստամբուլում կանցկացնենք համակարգող հանդիպում, որտեղ կիմանանք հանդիպման օրակարագի մասին: Ամենայն հավանականությամբ, բանտարկյալների թեման 7-րդ փուլի հիմնական հարցերից մեկն է լինելու: 6-րդ փուլում հայտնել են, որ այդ թեման առանցքային է լինելու», – ասել է զինված ընդդիմության պատվիրակության ներկայացուցիչը:

Նա նաև նշել է, որ Իդլիբում «անվտանգության գոտու» ստեղծումից հետո ավիահարվածները ամբողջ Սիրիայի տարածքով մոտ 60 տոկոսով նվազել են:

Նշենք՝ հոկտեմբերի 19-ին Ղազախստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի հարցով բանակցությունների 7-րդ փուլը անցկացվելու է հոկտեմբերի 30–31-ին:

Աստանայում սիրիական ճգնաժամի կարգավորման համար արդեն բանակցությունների 6 փուլ է անցկացվել՝ այս տարվա հունվարին, փետրվարին, մարտին, մայիսին, հուլիսին և սեպտեմբերին: 6-րդ փուլից հետո վերջնականապես հայտարարվել է Սիրիայում 4 «անվտանգության գոտի» ստեղծելու մասին: Սիրիայում այդ գոտիների և հրադադարի պահպանման երաշխավորներ են Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան:

Նշենք, որ թուրքական զինուժը՝ Իդլիբում «կայունություն հաստատելու» պատրվակով հոկտեմբերի 12-ից ներխուժել է Սիրիայի տարածք: Պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ սա հակասում է Աստանայում ձեռք բերված համաձայնություններին և պահանջել է դուրս բերել զորքերը: Իրանը նույնպես կարծես թե կողմ չի թուրքական զորքերի ներկայությանը, միևնույն ժամանակ ռուսաստանյան կողմից որևէ արձագանք դեռևս չի եղել այս հարցի շուրջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *