Ռուսաստանի և Իրանի ռազմածովայինները քննարկել են Կասպից ծովում համագործակցության հարցը

Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի և բարեկամական այցով Դաղստան մեկնած Իրանի բանակի ՌԾՈւ նավախմբի հրամանատարությունները քննարկել են Կասպից ծովում երկու երկրների ռազմածովային ուժերի համագործակցության հարցը։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Իրանական նավախումբը ոչ պաշտոնական այցով Ռուսաստանում էր հոկտեմբերի 20-23-ը։ Նավախումբը կազմված էր «Դամավանդ» էսկադրային ականակիր նավից և «Փեյքան» հրթիռային նավից։ Այցի ընթացքում Իրանի ՌԾՈւ նավախմբի հրամանատարությունը այցել է նաև ՌԴ ԶՈւ «Դաղստան» հրթիռային նավ։

Իրանի ռազմածովային ուժերի «Դամավանդ» ականակիր նավը

Իրանի ռազմածովային ուժերի «Դամավանդ» ականակիր նավը

Նմանատիպ այցով Իրանի ՌԾՈւ նավերը 2013-ին, 2015-ի հոկտեմբերին և 2017-ի մարտին նույնպես մեկնել են Կասպից ծովի ռուսաստանյան ափ և ՌԴ ռազմածովային ուժերի հետ համատեղ իրականացրել զորավարժություններ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բարեկամական այցով Իրան էր մեկնել Ռուսաստանի ԶՈւ «Մախաչկալա» ռազմանավը։

Դա Ռուսաստանի զինված ուժերի նավերի վեցերորդ այցն էր Իրան: Նախորդ այցը 2016-ի նոյեմբերին էր։ Նույն տարվա հոկտեմբերին Իրան էին ժամանել Ռուսաստանի ՌԾՈւ Կասպյան նավատորմի «Թաթարստան» հրթիռային և «Գրադ սվիյաժսկ» փոքր հրթիռային ռազմանավերը:

Մինչ այդ այցեր եղել են 2007-ին, 2014-ին և 2015-ին: Այդ այցերից երկուսի ընթացքում ՌԴ ռազմանավերը նաև զորավարժություններ են անցկացրել Իրանի ռազմածովային ուժերի հետ:

Հավելենք, որ ավելի վաղ առաջին անգամ Իրան ռազմական նավախումբ էին ուղարկել Ղազախստանը և Ադրբեջանը (1, 2)։ Իրանը Ադրբեջան նավախումբ ուղարկել էր 2016-ին, Ղազախստան՝ 2017-ի ապրիլին։

Կասպից ծովում ափ ունեցող 5 պետությունները մինչև հիմա դեռ չեն հստակեցրել իրենց ծովային սահմանները: Սակայն վերջին տարիներին կողմերը պայմանավորվել են բարեկամական այցերով ռազմանավերով մեկնել միմյանց նավահանգիստներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *