Ոչ ոք իրավունք չունի խառնվել Իրաքի գործերին. Բաղդադի պատասխանը ԱՄՆ Պետքարտուղարին

Հոկտեմբերի 23-ին  ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ ժամանակն է, որ Իրաքում Իրանի հովանավորությամբ կռվող աշխարհազորայինները («Հաշդ ալ Շաաբի» զորաջոկատները՝ խմբ.) հեռանան այդ երկրից: Ի պատասխան այս հայտարարության՝ Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարել է, որ «Հաշդ ալ Շաաբի» մարտիկները իրաքցիներ են ու ենթարկվում են Բաղդադին, ու ոչ ոք իրավունք չունի խառնվել իրենց գործերին:

Այս մասին հոկտեմբերի 24-ին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

Իր հայտարարությունում ԱՄՆ Պետքարտուղարը նշել էր, որ քանի որ ԻՊ դեմ պայքարը մոտենում է ավարտին, ապա ժամանակն է, որ իրանական աշխարհազորայինները «տուն գնան»: Ըստ նրա՝ «Իրաքում կռվող օտարերկրացիները պետք է հեռանան այդ երկրից և թույլ տան, որ Իրաքի ժողովուրդը վերականգնի վերահսկողությունը»:

Իրաքի շիայական «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման մարտիկներ

Իրաքի շիայական «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման մարտիկներ

Պատասխան հայտարարությունում Իրաքի վարչապետը շեշտել է, որ Իրաքում օտարերկրյա ուժեր չեն կռվում: Իսկ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կամ մեկ այլ երկրի ներկայությունը Իրաքում քանակապես սահմանափակված է, բացի այդ՝ նրանք  ցամաքային մարտերին չեն մասնակցում, այլ զբաղվում են զորքերի մարզումներով, լոգիստիկական օգնություն տրամադրելով կամ էլ ավիահարվածներով օժանադակելով: Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով Թիլերսոնի  հայտարարությանը, թվիթերյան իր էջում գրել է. «Իսկապես, այդ ո՞ր երկիր պետք է վերադառնան իրաքցիները, ովքեր «Իսլամական պետությունից» իրենց տունը պաշտպանելու համար ոտքի կանգնեցին»:

Իրաքի կառավարական բանակին աջակցող «Հաշդ ալ Շաաբիի» խմբավորումը կազմավորվել է 2014թ: Խմբավորումը գործում է Իրանի և Իրաքի կառավարությունների հովանավորությամբ, կազմված է գլխավորապես շիաներից, ինչպես նաև քրիստոնյաներից, եզդիներից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *