Բացառված չէ, որ Իրանը Ռուսաստանից Սու-30 կործանիչներ կգնի և հետագա տարիներին Իրանը շարունակելու է այդ հարցի շուրջ բանակցել Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի հրամանատարի տեղակալ Ահմադ Ռեզա Փուրդասթանը.Փոխանցում է «Թասնիմ» լրատվական գործակալության հետ հարցազրույցի ընթացքում:
Փուրդասթանի խոսքերով՝ Իրանը ցանկանում է արդիականացնել իր ռազմաօդային ուժերը և այդ նպատակով Ռուսաստանի հետ նախկինում քննարկել է Սու-30 կործանիչների ձեռքբերման հարցը։
Ըստ Փուրդասթանի՝ Ռուսաստանը տվել է իր համաձայնությունը կործանիչների մատակարարման համար, սակայն պայմանագիր չի կնքվել և կործանիչները չեն գնվել՝ Իրանի վրա դրված զենքի վաճառքի սահմանափակումների պատճառով:
Հիշեցնենք, որ 2016-ի փետրվարին, այն ժամանակ Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Հոսեյն Դեհղանը հայտարարել էր, որ Իրանը ցանկանում է Ռուսաստանի հետ Սու-30 կործանիչների ձեռքբերման պայմանագիր ստորագրել:
Դեհղանը չէր հստակեցրել կործանիչների քանակը և հնարավոր գնման ժամկետները, բայց նշել էր, որ իրենք քննարկելու են նաև կործանիչների արտադրության գործընթացին ներգրավվելու հնարավորությունը, ինչը նախատեսվում է ներառել գնման պայմանագրում:
Հոկտեմբերին ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել էր, որ Ռուսաստանը Իրանի հետ «Սու» կործանիչներ մատակարարելու վերաբերյալ բանակցություններ չի վարում, քանի որ Իրանի վրա դրված զենքի վաճառքի սահմանափակումների պատճառով դա անել դեռ հնարավոր չէ:
Այնուհետև՝ նոյեմբերին, Հոսեյն Դեհղանը նույնպես հայտարարել էր, որ Սու-30 կործանիչների գնման մասին բանակցություններ չեն ընթանում։
Նշենք, որ ՄԱԿ-Ի ԱԽ 2231 բանաձևով` 2015թ. հուլիսի 20-ից 2020թ. հոկտեմբերի 18-ը տանկեր, զրահամեքենաներ, ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ Իրանը կարող է ձեռք բերել միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի համաձայնությամբ:
Հավելենք նաև, որ ՄԱԿ ԱԽ-ի 2231 բանաձևից բացի Իրանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը սահմանափակվում է նաև ՌԴ նախագահի «2010թ. հունիսի 9-ի ՄԱԿ ԱԽ 1929 բանաձևի կատարման միջոցառումների մասին» հրամանով, որն արգելում է Իրանին մատակարարել տանկեր, զրահամեքենաներ, մարտական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ռազմանավեր, հրթիռներ կամ հրթիռային համակարգեր: