Թուրքիայի և Իրաքի բանակները մոտ մեկ ամիս է՝ վարժանքներ են անում Իրաքյան Քրդստանի հարևանությամբ

Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը շարունակել են վարժանքները Իրաքյան Քրդստանին անմիջապես սահմանակից շրջաններում: Վարժանքների ընթացքում թուրք-իրաքյան համատեղ ստորաբաժանումները խաղարկել են զրահատեխնիկայով մանևրելու գործողություններ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի և Իրաքի բանակների համատեղ վարժանքները թուրք-իրաքյան սահմանին

Թուրքիայի և Իրաքի բանակների համատեղ վարժանքները թուրք-իրաքյան սահմանին

Ըստ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի՝ վարժանքներին ժամանակ կատարվել են նաև հետևակի մարտական մեքենաների (ՀՄՄ) վրա զենիթահրթիռային կայաններ, գնդացիրներ տեղակայելու առաջադրանքներ:

Հիշեցնենք, որ թուրքական զինուժը Շրնաք նահանգի Սիլոփի գավառում տեղակայված Հաբուր անցակետի շրջանում զորավարժություն է սկսել դեռևս սեպտեմբերի 18-ին, իսկ սեպտեմբերի 26-ին այդ վարժանքներին միացել է նաև Իրաքի զինուժը: Մոտ մեկ ամիս շարունակվող վարժանքներին ներգրավված են տանկեր, ՀՄՄ-ներ, զրահափոխադրիչներ, հաուբիցներ, հրթիռային կայաններ, անօդաչու թռչող սարքեր:

Թուրքիան, Իրաքը, ինչպես նաև Իրանը դեմ են Իրաքյան Քրդստանի անկախացմանը և սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեին: Իրաքի բանակը քրդերից գրավել է Քիրքուքը, Սինջարը և մի շարք այլ կարևոր բնակավայրեր: Թուրքական կողմը ևս սպառնացել է անհրաժեշտության դեպքում դիմել ռազմական գործողությունների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *