ՀՀ-ն միանում է ՌԴ–Բելառուս «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբին

ՀՀ նախագահը ստորագրել է «ՌԴ և Բելառուսի միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

Ռուսաստանի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին ՀՀ միանալու համաձայնագիրը ստորագրվել էր 2016 թվականի դեկտեմբերի 12-ին:

Հայաստանը համաձայնագրին միացել է լրացումներով և փոփոխություններով:

Խմբի սեղծման և զարգացման հիմնական նպատակը համարվում է դրա մասնակիցների գիտատեխնիկական, արտադրական և ներդրումային ներուժի առավելագույն օգտագործումը ռազմական, երկակի և քաղաքացիական նշանակության արտադրանքի բարձր տեխնոլոգիական և մրցունակ նմուշների ստեղծման և արտադրման ուղղությամբ, ինչպես նաև նշված արտադրանքի գոյություն ունեցող նմուշների նորոգման և արդիականացման ուղղությամբ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) համար:

Կողմերը կազմակերպում են համաձայնագրի իրագործման ընթացքում գաղտնի տեղեկատվության փոխանցումը և օգտագործումը, և ապահովում են դրա պաշտպանությունը, այդ թվում` համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում:

Համագործակցության ընթացքում ստացված տեղեկատվությունը չի կարող օգտագործվել ի վնաս կողմերից յուրաքանչյուրի պետության շահերի:

Մասնակից կազմակերպությունները պատասխանատվություն են կրում միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի գրանցման վայրի պետության օրենսդրությանը համապատասխան:

Դեռևս 2014-ին փետրվարի 13-ին կայացած Հայաստանի կառավարության նիստի ժամանակ համաձայնություն էր տրվել Ռուսաստանի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին ՀՀ միանալու համաձայնագրի կնքման առաջարկությանը:

«Պաշտպանական համակարգեր» ԲԲԸ-ն միավորում է ռուսաստանյան և բելառուսական ռազմարդյունաբերական ձեռնարկություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *