Հոկտեմբերի 20-ին Թուրքիայի զինուժը շարունակել է երկրի տարբեր նահանգներից թուրք-սիրիական սահման՝ անմիջապես Իդլիբ նահանգին հարակից շրջաններ ուղարկել զինտեխնիկայի նոր խմբաքանակ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Թրթուրավոր զրահափոխադրիչների և զրահամեքենաների նոր խմբաքանակը հասել է Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Իսքենդերուն գավառ: Այնուհետև դրանք ուղարկվելու են համապատասխան ստորաբաժանումներ և զորամասեր:
Վերջին մի քանի օրերին Թուրքիայի զինուժը մեծաքանակ զինտեխնիկա է տեղակայել թուրք-սիրիական սահմանին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Թուրքիայի զինուժը նախ հետախուզական գործողություններ էր սկսել Իդլիբ նահանգում, այնուհետև՝ հոկտեմբերի 12-ին, Թուրքիայի զինուժը ներխուժել էր նահանգ և տեղակայվել Իդլիբ-Աֆրին սահմանի երկայնքով:
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին Աստանայում սիրիական ճգնաժամի հարցով բանակցություններում կողմերը համաձայնության են եկել Իդլիբում ևս «անվտանգության գոտի» ստեղծելու վերաբերյալ: «Անվտանգության գոտիների» և հրադադարի երաշխավորները Սիրիայում համարվում են Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան
Նշենք, որ մինչ այժմ ռուսաստանյան կողմը որևէ բացասական հայտարարություն չի արել Իդլիբում թուրքական զորքերի տեղակայման վերաբերյալ: Իրանի ԶՈւ ԳՇ պետը Սիրիա այցի ընթացքում հայտարարել է, որ Իրանը դեմ է, երբ որևէ պետություն մտնում է մեկ այլ պետության տարածք, առանց թույլտվություն ստանալու այդ երկրից: Սա, ըստ երևույթին, ուղղված է թուրքական զորքերի դեմ:
Սիրիայի իշխանությունները ամենատարբեր մակարդակներով ևս հայտարարել են, որ դեմ են թուրքական զորքերի տեղակայմանը: Սիրիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ դա խախտում է իրենց երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: