Ադրբեջանի ռազմական բյուջեն նախատեսվում է ավելացնել 3,7 տոկոսով. Նախագիծ

Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 20-ին հրապարակել է 2018 թ. պետբյուջեի նախնական տարբերակը, համաձայն որի, Ադրբեջանի ռազմական բյուջեն նախատեսվում է ավելացնել 3,7 տոկոսով (96,6 մլն մանաթ): Ռազմական ծախսերին նախատեսվող հատկացումները կազմում են շուրջ 2,739 մլրդ մանաթ (հոկտեմբերի 20-ի փոխարժեքով՝ շուրջ 1,612 միլիարդ ԱՄՆ դոլար): Նախագծի մասին եզրակացությունը հրապարակվել է Ադրբեջանի ֆինանսների նախարարության կայքում:

Առայժմ բյուջեի հիմնական նախագիծը չի հրապարակվել, ըստ այդմ, դեռ հայտնի չեն առանձին ոլորտներին հատկացվելիք գումարները:

Ընթացիկ տարվա ռազմական բյուջեի համեմատ 2018 թվականի համար նախատեսված բյուջեով ռազմական ոլորտի ծախսերն աճում են նաև դոլարային փոխարժեքով՝ 2017 թ. շուրջ 1,5 միլիարդ դոլար, իսկ 2018-ի նախագծով՝ շուրջ 1,6 միլիարդ ԱՄՆ դոլար:

Ընթացիկ տարվա բյուջեն հաստատվել էր 2016 թ. դեկտեմբերի 27-ին. ռազմական ոլորտին հատկացվել էր շուրջ 2,6 մլրդ մանաթ (~1.5 մլրդ դոլար), այդ թվում՝ 1,25 մլրդ մանաթը (~700 մլն դոլար) հատկացվել էր «հատուկ պաշտպանական նշանակության նախագծերին և միջոցառումներին»:

Պաշտպանական ոլորտին հատկացվող գումարը նախորդ տարվա բյուջեից ավել էր մոտ 413 մլն մանաթով (~60 մլն դոլար): Ըստ որում նշված «հատուկ պաշտպանական նշանակության նախագծերի և միջոցառումների» տակ ներառված էին ռազմական գնումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *