Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի անկախության 26-րդ տարելիցի կապակցությամբ Նախիջևան քաղաքում անցկացվել է զորահանդես, որի ընթացքում ցուցադրվել են տարբեր նշանակության զինտեխնիկա, այդ թվում՝ հրթիռային համակարգեր, տանկեր, ՀՕՊ համակարգեր ևն։ Այս մասին հայտնել է Նախիջևանի պետական հեռուստաընկերությունը:
Զորահանդեսին մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:
Զորահանդեսի ընթացքում ցուցադրվել են տանկեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, զենիթահրթիռային համալիրներ, հակատանկային միջոցներ, ԱԹՍ-ներ, ավիացիա և այլն: Նույն աղբյուրին տված հարցազրույցում Զաքիր Հասանովը նշել է, որ ցուցադրված զինտեխնիկան պատկանում է Նախիջևանի առանձին համազորային բանակին:
Դատելով հրապարակված լուսանկարներից՝ զորահանդեսին ցուցադրվել են՝
• «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր.
- հրթիռների տրամաչափը՝ 300 մմ,
- հեռահարությունը՝ մինչև 70-90 կմ,
- համազարկի հրթիռների քանակը՝ 12 հատ:
Այս զորահանդեսին դրանցից երևում է 6 միավոր: Նախիջևանում «Սմերչներ» երևացել են նաև նախկինում անցկացված զորավարժությունների ընթացքում:
• «Քասըրղա» (Kasırğa) համազարկային կրակի ռեակտիվ համակարգ.
- Տրամաչափը՝ 302 մմ,
- Հեռահարությունը,
- առավելագույնը՝ 100+ կմ,
- նվազագույնը՝ 40 կմ,
- Հրթիռների քանակը՝ 4,
- Մարտագլխիկի զանգվածը՝ 150 կգ:
Այս համակարգերից զորահանդեսին մասնակցել է 6 միավոր: Նախիջևանում «Քասըրղաներ» երևացել են նաև նախկինում անցկացված զորավարժությունների ընթացքում:
• «TR-107» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ.
- Տրամաչափ՝ 107 մմ,
- Ուղղորդիչների քանակը՝ 12 հատ,
- Հեռահարությունը՝ 11 կմ:
Ադրբեջանը համեմատաբար հաճախակիորեն հենց այս միջոցներով է հարվածում Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ:
• «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետ.
- Տրամաչափ՝ 220 մմ,
- Ուղղորդիչների քանակը՝ 24 հատ,
- Հեռահարությունը՝ 6 կմ:
• «ՕՍԱ» ՀՕՊ զենիթահրթիռային համալիրներ.
- Հրթիռների քանակը՝ 6 ,
- Հեռահարությունը՝ տարբեր (ըստ հրթիռների),
Զորահանդեսին այս ԶՀՀ-ներից երևացել է 6 միավոր:
• ՄՏԼԲ ԶՈւ-23-2 քարշակի վրա դրված զենիթային հրանոթներ
- Սպառազինությունը՝ 23 մմ զույգ հրանոթ,
- Պաշտպանվածությունը՝ հրազենից և բեկորներից:
«Քրիզանտեմա-Ս» հակատանկային համալիրներ.
- Անձնակազմը՝ 2,
- Տեղափոխվող հրթիռների քանակը՝ 15,
- Առավելագույն հեռահարությունը՝ 5 կմ,
- Նվազագույն հեռահարությունը՝ 400 մ,
- Մարտական մասը՝ կումուլյատիվ տամդեմային 9Н146-1,
- Մարտական մասի տրամաչափը՝ 155 մմ։
Զորահանդեսին ցուցադրվել են նաև Ադրբեջանում հավաքվող «Թուֆան», իսրայելական «Սենդքեթ», թուրքական «Կոբրա» զրահամեքենաներ, իսրայելական Spike հակատանկային հրթիռային համալիրներ, ինչպես նաև «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբից և «Ս-125» ԶՀՀ-ներ:
• Orbiter 3 ԱԹՍ-ներ
Զորահանդեսին այս ԱԹՍ-ներից երևացել է 3 միավոր: Նշենք, որ Ադրբեջանում առաջին անգամ Orbiter 3 ԱԹՍ ցուցադրել էին այս տարվա հունիսին Նախիջևանում անցկացված զորավարժության շրջանակներում:
Մի-8/17 բեռնատար ուղղաթիռներ.
- Սպառազինությունը՝ տարբեր տեսակի հրթիռներ (6 կախոց՝ ընդհանուր 4 տոննա բեռնատարողությամբ): Իսրայելի օգնությամբ արդիականացված տարբերակները կարող են ունենալ նաև հակատանկային կառավարվող հրթիռներ:
- Անձնակազմը՝ 3 օդաչու և 30 դեսանտային:
Մի-24/35 հարվածային ուղղաթիռներ.
- Սպառազինությունը՝ կառավարվող և չկառավարվող հրթիռներ (6 կախոց), 30 մմ գնդացիրներ,
- Անձնակազմը՝ 2-3 օդաչու:
Ըստ ադրբեջանական Modern.az լրատվակայքի հրապարակած լուսանկարների՝ զորահանդեսին մասնակցել են նաև Սու-25 գրոհիչներ: Լուսանկարում երևում է 2 միավոր:
Հատկանշական է, որ այս տարվա օգոստոսին Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչները ուսումնական թռիչքներ են իրականացրել Նախիջևանում: Հրապարակված տեսանյութում և լուսանկարներում երևում էին առնվազն 2 միավոր Սու-25 գրոհիչներ: Նախկինում մարտական ինքնաթիռների թռիչքներ Նախիջևանում չէին արձանագրվել: