Ռազմական ինստիտուտում կուրսանտ է մահացել

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ հունիսի 1-ին  21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում:

Սիփան Մովսիսյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս ախտորոշմամբ։ 22:20-ի սահմաններում կուրսանտը մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (սպանություն) հարուցվել է քրեական գործ, կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել Ս.Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քրեական գործի նախաքննության նախնական տվյալների համաձայն՝ հերթափոխի ժամանակ Ա.Մելքումյանի և Ս.Մովսիսյանի միջև առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ։ Արմեն Մելքումյանը ձերբակալված է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *