Ղազախստանում շարունակվում է ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժությունը

Ղազախաստանի Ալմաթի քաղաքի մոտ տեղակայված զորավարժարաններում շարունակվում է ՀԱՊԿ խաղաղապահական ուժերի «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժությունը: Վարժանքները մեկնարկել են հոկտեմբերի 16-ին և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 20-ը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ կայքը:

Հավաքական անվտանգության կազմակերպության երկրների խաղաղապահական ստորաբաժանումները վարժանքների ընթացքում խաղարկել են տեխնիկայի շարասյուն կազմելու, պահպանության ապահովման, տեղանքի և շարժման երթուղիների հետախուզման առաջադրանքներ:

ՀՀ ԶՈւ խաղաղպահները՝ Ղազախստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժությանը. 18.10.2017 թ.

ՀՀ ԶՈւ խաղաղպահները՝ Ղազախստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժությանը. 18.10.2017 թ.

Վարժանքների այս փուլում հետախուզման համար կիրառվել են անօդաչու թռչող սարքեր: Անցկացվել են նաև ինքնաշեն պայթուցիկ նյութերի հայտնաբերման և ոչնչացման, բնակավայրում պարեկություն անելու, վիրավորների օդային տարհանման, ճանապարների արգելափակման գործողություններ:

ՀԱՊԿ խաղաղապահական ուժերը սրանցից բացի նաև կատարել են անօրինական զինված խմբավորումների կրակային դարանից դուրս գալու, այդ նահանջող խմբերի հետապնդման առաջադրանքներ:

Վարժանքներին ներգրավված է ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի ավելի քան 1500 զինծառայող, 200 միավոր զինտեխնիկա, 14 միավոր թռչող սարք: Զորավարժությանը մասնակցում է նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանում:

«Անքակտելի եղբայրությունը» ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ-մարտավարական զորավարժության փուլերից մեկն է: Այս վարժանքները Հայաստանի տարածքում անցկացված «Փոխգործակցություն-2017» և Ռուսաստանում ու Հայաստանում անցկացված «Որոնում-2017» զորավարժությունների տրամաբանական շարունակությունն են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *