Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնելու է Սիրիա

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին «շուտով» մեկնելու է Սիրիա։ Այցի ընթացքում նա հանդիպելու է Սիրիայի ԶՈւ ԳՇ պետի, պաշտպանության նախարարի, ինչպես նաև նախագահի հետ։ Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Սիրիայի և Իրանի ռազմական համագործակցության մակարդակի բարձրացումը, հակաահաբեկչական պայքարում համագործակցության շարունակումը Բաղերիի այցի հայտարարվող նպատակներից են։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Իրանը Սիրիայի գլխավոր դաշնակիցներից է. Իրանը Սիրիային աջակցում է թե՛ ֆինանսապես, թե՛ ռազմական առումով։ Չնայած նրան, որ Սիրիայում մշտապես իրանցի կամ Իրանի կողմից հովանավորվող ջոկատների մարտիկներ են զոհվում, Թեհրանը հերքում է, որ մարտական ստորաբաժանումներ ունի այդ երկրում և հայտարարում է, թե Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ։

Հավելենք, որ հոկտեմբերի 17-ին  ԱՄՆ աջակցությամբ գործող արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Ռաքքա քաղաքը, որը ԻՊ-ն հռչակել էր «խալիֆայության մայրաքաղաք»։

Ռաքքայից բացի ԻՊ-ն շարունակում է տարածքներ կորցնել Սիրիայում իր վերջին հենակետ Դեր Զոր նահանգում։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարի՝ Սիրայում ռազմական գործողությունները մոտենում են ավարտին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *