Հոկտեմբերի 16-ին Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ինժեներները սկսել են ականազերծել «Ալագյազ» զորավարժարանի տարածքը: «Ալագյազի» տարածքն ականազերծվում է ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» զորավարժության մասնակից արագ արձագանքման ուժերի վարժանքներից հետո: Այս մասին Razm.info-ին հայտնել են ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
Ականազերծման աշխատանքները նախատեսված է ավարտել 3 օրվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում զորավարժության ընթացքում օգտագործված չպայթած ականներից կմաքրվի շուրջ 100 հա տարածք: Հայտնաբերված ականները տեղում կպայթեցվեն:
Ականազերծումից հետո ՌԴ ռազմաբազայի զինծառայողները զորավարժարանի տարածքում պետք է ուսումնական փուլի ավարտական քննություններ հանձնեն:
Ականազերծմանը ներգրավվել է ավելի քան 300 զինծառայող, 50 միավոր զինտեխնիկա, ական փնտրող 10 ծառայողական շուն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին, Հայաստանում ավարտվել էր ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունը: Հոկտեմբերի սկզբին կրկին Հայստանում անցկացվել էր նաև «Որոնում-2017» զորավարժության վերջին փուլը։