Թուրքական «Անադոլու» գործակալությունը պնդում է, որ «Իսլամական պետությունն» օգտվել է Քիրքուքի ռազմագործողությունից, ու նահանգի արևմուտքում երկու գյուղ գրավել: «Անադոլուն» նշում է, որ տեղեկությունը իրաքյան աղբյուրներից են ստացել: Առայժմ սա այլ աղբյուրներով չի հաստատվել: Նման տեղեկություն «Անադոլուն» հրապարակել է հոկտեմբերի 17-ին:
Թուրքական պետական գործակալության հոդվածում պնդում են, որ ԻՊ ահաբեկիչները գրավել են Քիրքուքից 45 կմ արևմուտք տեղակայված Էդ-Դիբս գավառի Էլ-Միլհ և Էտ-Թուվեյղա գյուղերը:
Ըստ այս տեղեկության՝ ԻՊ զինյալները օգտվել են նրանից, որ Իրաքի բանակը զբաղված է Քիրքուքում քրդական Փեշմերգայի դեմ ռազմական գործողություններով: Նշվում է, որ տեղեկությունը ստացել են իրաքյան բանակում եղած աղբյուրներից: Գյուղերը գրավել են ներկայում Իրաքի բանակի վերահսկողության տակ գտնվող Հավիջա քաղաքից:
Առայժմ այս տեղեկության միակ աղբյուրը «Անադոլուն» է: Ո՛չ Իրաքի պաշտոնական աղբյուրները, ո՛չ էլ լրատվամիջոցները սրան առայժմ չեն անդրադարձել:
Իրաքի բանակը հոկտեմբերի 16-ից ռազմական գործողություններ է վարում Իրաքյան Քրդստանի զինված ուժերի դեմ: Մեկ օրվա ընթացքում իրաքյան ուժերը շիայական Հաշդ ալ-Շաաբիի օգնությամբ գրավել են Քիրքուքը և շրջակայքի գրեթե բոլոր գյուղերը: Հոկտեմբերի 17-ին Իրաքի ուժերը մտել են նաև Սինջար, որտեղ հիմնականում եզդիներ են բնակվում: Քրդական Փեշմերգան նահանջել է:
Ներկայում Իրաքի զինուժը գործողություններ է վարում Բեշիքան քրդերից վերցնելու համար: Քրդական կողմը դեռևս պաշտպանում է այդ ավանը: Հիշեցնենք, որ նույն ավանի մոտակայքում թուրքական ռազմաբազա կա, որտեղ թուրք զինծառայողները ժամանկին մարզում էին Փեշմերգայի մարտիկներին: Ներկայում բազայի իրադրությունը հայտնի չէ:
Միացյալ Նահանգները նշում է, որ իրենք չեզոք են և կոչ անում դադարեցնել ռազմական գործողությունները՝ ուշադրությունը սևեռելով «Իսլամական պետության» վրա: Չնայած սրան՝ կողմերը առայժմ հրադադարի չեն պատրաստվում:
Իրաքի կառավարությանը սատարում են Իրանը և Թուրքիան: Տեղեկություններ կան, որ ռազմական գործողությունները հենց իրանցի գեներալ է համակարգել: